Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհուրդ թեկնածուներին

Մարտ 21,2012 12:35

Որքան շատ եմ լսում կամ կարդում պատգամավորության մեծամասնական եւ համամասնական թեկնածուների հայտարարությունները, այնքան շատ եմ հասկանում, որ նրանց մեծ մասը չի հասկանում, թե ինչու են ուզում հայտնվել Ազգային ժողովում: Որ դա չեն հասկանում Մանվելը, Սեյրանը, Լիսկան, Շմայսը կամ Նավոն՝ դա միանգամայն բնական է: Նման մարդկանց մաղելու համար ես վաղուց առաջարկել եմ ներմուծել կրթական ցենզ հասկացությունը: Պատգամավորության թեկնածու գրանցվելու համար այդ դեպքում անհրաժեշտ կլինի գրել ոչ բարդ (7-րդ դասարանի մակարդակի) թելադրություն, եւ եթե հավակնորդը 10 կոպիտ սխալից ավելին անի, ապա նրան պարզապես չեն գրանցում: Այդքան խոսում ենք պետական լեզվի կարեւորության, գրքի համաշխարհային մայրաքաղաքի եւ հարակից այլ թեմաների մասին եւ զլանում ենք ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմնի ներկայացուցիչներից պահանջել, որ նրանք այդ պետական լեզուն իմանան 7-րդ դասարանի աշակերտների չափով: Բաներ կան, որոնք մարդիկ պետք է անեն անձամբ՝ առանց բազմաթիվ ջիպերի եւ թիկնապահների. նման դժվար գործերից է՝ շարժել սեփական ուղեղի ծալքերը:

Բայց նույնիսկ գրագետ մարդկանց գերակշիռ մասը, ցավոք, լավ չի պատկերացնում, թե ինչ անելիք ունի խորհրդարանում: Նրանց ստանդարտ պատասխաններն են՝ կեղծավոր կամ անկեղծ. ուզում եմ կերտել ավելի գեղեցիկ, ավելի արդար, ավելի հզոր Հայաստան, ուզում եմ ունենալ հպարտ երկրի արժանապատիվ քաղաքացիներ: Հրաշալի է: Բայց ինչո՞ւ է պետք դրա համար հենց պատգամավոր դառնալ: Պատգամավորն, իմ կարծիքով, այն մարդն է, որն այդ հրաշալի նպատակներին հասնելու համար օրենքներ է մշակում: Իսկ դա կարող են անել միայն մասնագետները: Մասնագետներ՝ ոչ թե դիպլոմով (վերոհիշյալ ինտելեկտուալները կարող են իրենց համար մի քանի տասնյակ դիպլոմներ գնել), այլ իրական գիտելիքներով: Ես կարող եմ վերացական ցանկություն հայտնել՝ «ուզում եմ երաժշտություն գրել Մոցարտի նման», սակայն դրա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է, որ ես իմանամ, թե ինչպես են գրվում նոտաները:

Գիտելիքները նույնպես բավարար չեն. պետք է լինի արժեքային համակարգ, որի հիման վրա մշակելով այդ օրենքները՝ պատգամավորները փորձում են հասնել իրենց հռչակած արդար, գեղեցիկ եւ քաղցր Հայաստանին: Պրիմիտիվ ասած՝ ազատականն այնպիսի օրենքներ է առաջարկում, որոնք խթանելու են բիզնեսը, սոցիալիստը փորձում է ստեղծել շուկայական հարաբերությունների պայմաններում մարդկանց սոցիալական իրավունքները պաշտպանող օրենքներ, իսկ ազգայնականը, ենթադրենք, մտածում է, թե ինչպես պատերազմ հայտարարել Թուրքիային եւ նվաճել Մասիս լեռը: Դրանք, իհարկե, կոպիտ սխեմաներ են, կյանքն ավելի բազմազան է, բայց իրական օրենսդրական ջանքերն այս ուղղությամբ պիտի ընթանան: Այնպես որ, այն թեկնածուներին, որոնք իսկապես ուզում են զբաղվել օրենսդրական գործունեությամբ, ոչ թե շարունակել գողանալ, կարելի է խորհուրդ տալ՝ մտածել, թե իրականում ինչ է ձեր ուզածը եւ, ինչպես ասում են՝ սովորել, սովորել, սովորել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031