Հատված ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ալվարդ Պետրոսյանի հետ հարցազրույցից:
– Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելո՞ւ եք, լինելո՞ւ եք ՀՅԴ համամասնական ցուցակում։
– Այսպես ասած՝ ես Հայաստանը կերտողներից մեկն եմ, ես չեմ կարող ՀՅԴ-ի կողքին չլինել։ Ճիշտն ասած, ինձ այլեւս չէր հետաքրքրում ԱԺ-ն, ինձ ինչ հետաքրքրում էր՝ որպես գրող, ես տեսա։ Ես ասել եմ ու կասեմ, որ ես իմ սերնդին համարում եմ իրավիճակային գործիչներ, այսինքն՝ քաղաքականությունը ինքը մտավ մեր կյանք, մենք չվազեցինք քաղաքականության հետեւից, ինչպես այսօր։ Հիմա տեսնում եք, ով ելնում է տեղից, մտածում է, որ դա ինչ-որ խաղ ու պար է։ Ո՛չ, ես չեմ առաջադրվում, ես շատ շնորհակալ եմ իմ կուսակցությունից, ես առաջին կինն էի, որ առաջադրվեցի 99 թվականին ցուցակի 5-րդ տեղում եւ մնացած անգամներն էլ առաջին հնգյակում էի։ Բայց ես չեմ հոգնում կրկնելուց, որ ես այն մարդկանցից եմ, որ նախընտրում եմ մեկ ժամ շուտ գնալ, քան մեկ րոպե ուշացումով։
Կարդացեք նաև
– Այսինքն՝ քաղաքական դաշտից հեռանո՞ւմ եք։
– Քաղաքականությամբ չեմ կարող չզբաղվել, նախ՝ ակտիվ մարդ եմ, գրող եմ, աչքերս էլ տեսել են, իսկ եթե տեսել են՝ չեմ կարող… ես նայում եմ եւ տեսնում եմ եւ չեմ կարող չմտածել։ Բայց կարծում եմ, որ չպեւոք է ԱԺ-ում մնայի։
– Հնարավո՞ր է կուսակցության հետ տարաձայնություններ ունեք, եւ դա է պատճառը, որ նման որոշում եք կայացրել։
– Չէ, ի՞նչ եք ասում, իսկապես նման խնդիր չկա, կուսակցության հետ խնդիր ունենալը բացառում եմ, ես ընտրությունների ժամանակ իմ ընկերների կողքին եմ լինելու եւ իրենց եմ պաշտպանելու։
– Այսինքն՝ Դուք եք որոշել ԱԺ ընտրություններին չմասնակցել, այլ ոչ թե կուսակցությունն է որոշել, որ Դուք չառաջադրվեք։
– Գիտեք ինչ, ո՛չ էն, ո՛չ էն։ Ճիշտն ասած, այս տարի առողջությունս շատ լավ չէր, իսկապես ոտքիս հետ կապված խնդիր ունեմ:
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Ժողովուրդ»