Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի իշխանություններն ըստ էության քրեականացրել են բողոքի խաղաղ ցույցերը». «Amnesty International»

Մարտ 21,2012 11:14

«Ադրբեջանի իշխանությունները պետք է անկախ հետաքննության ենթարկեն ոստիկանության կողմից բողոքի ցույցի ընթացքում կատարումներով հանդես եկող երաժիշտներին դաժան ծեծի ենթարկելու մասին մեղադրանքները»:

Այս հայտարարությամբ երեքշաբթի օրը հանդես է եկել «Amnesty Internaitonal» իրավապաշտպան կազմակերպությունը՝ նշելով, որ 24-ամյա երաժիշտ Ջամալ Ալին, երաժշտական խմբի բաս-կիթառահար Նաթիգ Քամիլովը, ինչպես նաև անցյալ շաբաթ օրն անցկացված իրադարձության կազմակերպիչ, 25-ամյա Էթիբար Սալմանլին ձերբակալվել են այն բանից հետո, երբ Ջամալ Ալին կատարման ընթացքում վիրավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանգուցյալ մորը:

Այս իրադարձությունից հետո, ըստ իրավապաշտպանների, դատարանը որպես  «մանր խուլիգանություն» է որակել ձերբակալվածների գործողությունները՝ դատապարտելով վերջիններիս հինգից տասը օր վարչական կալանքի:

«Ոստիկանության կողմից շաբաթ օրն անցկացված բողոքի խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ իրականացված բռնի հարձակումը պետք է անհապաղ և մանրամասն հետաքննվի անկողմնակալ մարմնի կողմից, իսկ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն», – ասել է Եվրոպայի  և Կենտրոնական Ասիայի գծով «Amnesty International»-ի փոխտնօրեն Ջոն Դալհուզենը:

«Amnesty International»-ի վկայությամբ, Ջամալ Ալին ու Նաթիգ Քամիլովը զրկված են իրենց ընտանիքների և փաստաբանների հետ հաղորդակցվելու հնարավորությունից: Իրենց գործով դատական նիստի ժամանակ Ալին ու Քամիլովը հայտնել են ոստիկանությունում կալանքի տակ գտնվելու ընթացքում կրկին ծեծի ենթարկվելու մասին:

Ըստ իրավապաշտպանների, Ադրբեջանի իշխանությունները, բողոքի ցույցերն արգելելու և դրանց կազմակերպիչներին ու մասնակիցներին ձերբակալելու միջոցով ըստ էության քրեականացրել են երկրի քաղաքների կենտրոնում հակակառավարական խաղաղ ցույցերի անցկացումը:

«Հեգնական է, որ Բաքվում «Եվրատեսիլ»-ի մեկնարկից ընդամենը երկու ամիս առաջ Ադրբեջանի իշխանություններն ուժ են կիրառում՝ քաղաքի փողոցներում խաղաղ ցույցերը ցրելու և երաժիշտներին լռեցնելու համար», – շեշտել է «Amnesty International»-ի փոխտնօրեն Ջոն Դալհուզենը:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031