ԽՍՀՄ տարիների քաղբանտարկյալ, բանաստեղծ, հասարակական գործիչ Մերուժանը (Հովհաննիսյան) երեկ իր կարծիքն է հայտնել ՀՀԿ համամասնական ցուցակի վերաբերյալ:
– Մերուժան, մինչեւ ՀՀԿ համամասնական ցուցակի հրապարակումը այդ կուսակցության ներկայացուցիչները հայտարարում էին, թե ՀՀԿ-ն նոր դեմքով է հանդես գալու, նոր արյուն, նոր շունչ, նոր մարդիկ են լինելու։ Դուք նման բան տեսնո՞ւմ եք այդ ցուցակում, ու ի՞նչ տպավորություն է ձեզ վրա թողել այդ ցուցակը։
– Քանի որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի աոաջնորդվում որեւէ գաղափարախոսությամբ, որեւէ ընտրություն կատարելիս, այդ թվում նաեւ ներկայիս ցուցակը կազմելիս, չէր կարող առաջնորդվել սոսկ գաղափարախոսությամբ։ ՀՀԿ-ն պարզապես կորցրել է իր ղեկը, իր գաղափարախոսությունը, այսօր նա ցուցակ է կազմել, ընտրելով այն անձանց, ովքեր նախկինում նույնիսկ ընդդիմախոսել են այսօրվա նախագահին։ Նա միայն անձնական շահախնդրությամբ է կազմել այս ցուցակը։ Դրանով Սերժ Սարգսյանը ցույց է տալիս իր թուլությունը։ Նա կառչում է այն պղպջակներից, որոնք ոչինչ չեն տալու իրեն, եթե վաղը լինի փոթորիկ կամ նավաբեկություն այդ կուսակցությունում։ Եթե ՀՀԿ նախագահը ցանկանար նոր ուժեր բերել, կային խելացի մարդիկ, կարելի էր ներգրավել նույնիսկ անկուսակցականների, որոնք կարող էին երկիրը կերտելու նոր ուղիներ գտնել:
– Այդ դեպքում ինչո՞ւ Սերժ Սարգսյանն այսկերպ կազմեց ցուցակը։
– Միայն մի նպատակ ունենալով՝ վաղը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գալու է եւ միանալու է ՀՀԿ-ին։ Եթե ոմանց թվում է, թե այդպիսով կանխվում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, սխալվում են նրանք։ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա բաղաքականություն, եւ նրան Սերժ Սարգսյանը չի կարող խոչընդոտել:
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայկական ժամանակ»