Երևանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ-ի) նախաձեռնությամբ իրանական Նովռուզի առիթով բացվել է ժամանակակից արվեստի ցուցահանդես: Ցուցահանդեսը կազմակերպված է «2012-Ժամանակակից արվեստի տարի Հայաստանում» նախագծի շրջանակներում և նվիրված է ՆՓԱԿ-ի հիմնադրման 20-ամյակին: Ցուցադրվում են տասնչորս արվեստագետի գործեր, որոնք համադրել է Շաքե Ա. Պետրոսյանը: Ներկայացված հեղինակներն են Մասթանե Շոքրի, Ղոբադ Շիվա, Սանազ Շաֆաղի, Մոժգան Սադրի, Ամին Մոհամադի, Ռուզբեհ Մաշհադի Զադեհ, Ջամշիդ Լեյսի, Անիթա Հաշեմի, Արփա Հակոբյան, Շահրիար Ղադիմի, Թաննազ Դանեշմանդ, Ազարնուշ Էբրահիմի, Ֆերեյդուն Ավ և Ալի Անսարի: Դահլիճի մուտքի մոտ ցուցադրվում է նաև իրանական ավանդական «Հաֆթսին»ը (Ս տառով սկսվող յոթ բարիք):
Հայաստանում Իրանի դեսպան պրն Սաղայանը մասնակցեց ցուցահանդեսի բացման և ներկաներին շնորհավորեց Նովռուզը և գարնան սկիզբը: Ցուցահանդեսն աշխատելու է մինչև մարտի 30-ը և վերջին երկու օրվա ընթացքում ցուցադրվելու է նաև իրանական կինո:
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ