Քաղաքականությունը միշտ թարմանալու կարիք ունի: Դա հնարավոր է, եթե քաղաքական համակարգը կտրված չէ հասարակությունից:
Ընտրությունների նախաշեմին իշխանական ուժերն իսկական մրցավազք են սկսել հանրային հատվածին քաղաքականություն ներքաշելու, կուսակցականացնելու ուղղությամբ, որով նաև ընդդիմադիր առանձին ուժեր են վարակվում:
Սակայն Հայաստանում ոչ թե հանրային հատվածը քաղաքականացնելու, այլ քաղաքականությունը հանրայնացնելու, հասարակական սպասումների ու ակնկալիքների վրա ամրակցելու պահանջարկ կա:
Ակտիվ քաղաքացիական հասարակության կոդերն իրենց վրա քիչ թե շատ կրող անհատների մասսայական մուտքը քաղաքականություն չի հանգեցնելու քաղաքական պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը, որովհետև նորեկները պրոֆեսիոնալներ չեն: Փոխարենը այս միտումները խարխլում են քաղաքացիական հասարակության ձևավորման հիմքերը: Իսկ սա այն միակ ոլորտն է, որտեղ, այլընտրանքային հաղորդակցային միջոցների ներգործությամբ, ի հեճուկս իշխանությունների, հանրային գիտակցության բեկում և ակնհայտ դրական փոփոխություններ են եղել:
Կարդացեք նաև
Կենցաղային քաղաքական պայքարի անխուսափելի բովանդակազրկման պայմաններում, հանրային հատվածը` որպես այլընտրանք, դիմադրողականության առանցք ոչ թե քաղաքականացնելու, այլ առավել զորեղացնելու անհրաժեշտություն կա: Իշխանությունը դրանում առաջինը պետք է շահագրգիռ լիներ:
«Երկիր»