Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Եթե «Ժառանգությունը» ամուր կապ ունենա ազատ դեմոկրատների հետ՝ անցողիկ կդառնա»

Մարտ 20,2012 22:20

Դեռ շաբաթներ առաջ մի պատեհ առիթով ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանի հետ մասնավոր զրույցում վերջինս, Aravot.am-ի հարցին ի պատասխան, փորձում էր փորձագետի տեսանկյունից կանխատեսել, թե նոր գումարման ԱԺ-ում քաղաքական քանի՞ ուժ կլինի: Այն ժամանակ նա թվարկել էր 6 ուժերի` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն»- «Ազատ դեմոկրատներ», բայցեւ հավելել էր, թե շատ բան կախված կլինի ոչ միայն այդ ուժերի համամասնական ցուցակից, այլեւ՝ նրանց վարած քարոզարշավից:

Այսօր, երբ թվարկված ուժերից երկու-երեքի համամասնական ցուցակներն արդեն մասամբ հրապարակվել են, նույն հարցով կրկին դիմեցինք ՀՀԿ խմբակցության ղեկավարին, ու նա թվարկեց. «ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ: Այսքանը փաստացի արդեն պարզ է, որովհետեւ մնացածների մասնակցության ձեւաչափը դեռ հայտնի չի, եւ անհնար է վերլուծություններ անել»:

Մենք հիշեցրինք, որ մոտավորապես հայտնի են նաեւ ՀԱԿ-ի համամասնական ցուցակի առաջին մոտ 20 թեկնածուները, մասամբ նաեւ «Ժառանգություն-Ազատ դեմոկրատներինը», ինչին ի պատասխան Սահակյանը շարունակեց թվարկելը. «Նաեւ ՀԱԿ-ը, իսկ «Ժառանգության» ռազմավարությունը դեռ հրապարակված չի, որպեսզի կարողանանք կանխատեսել, բայց, կարծում եմ՝  եթե որոշակի լավ, ամուր կապ ունենա ազատ դեմոկրատների հետ, անցողիկ կդառնան»:  Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ նա շեշտեց կամ «Ժառանգության» «անցողիկությունը» պայմանավորեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ. արդյոք այն պատճառով, որ վերջինս համարվում է որպես՝ արեւմտամե՞տ ուժ: «Ես չեմ հավատում «մետ» ուժերին: Ես գիտեմ, որ բոլորն այնպես են խոսում, որ հայամետ ուժեր են,մնացածը քննարկելու հարց է: Իմիջիայլոց, խոսում են նաեւ, որ ընտրություները գաղափարախոսությունների պայքար լինի: Ես կարծում եմ՝ պետք է մեկ գաղափարախոսություն լինի, մաշտոցյան ժամանակներից եկած.ամուր ազգ՝ ամուր պետություն: Մնացածը հոսանքներ են՝ ազատականներ, պահպանողականներ: Սրանք ածանցյալ են: Մենք մեկ խնդիր ունենք՝ ունենալ ամուր պետություն»:

Անդրադառնալով հիշյալ ուժերի՝ ԱԺ-ում, ենթադրաբար, ունենալիք համամասնությանը, Գալուստ Սահակյանն ասաց, թե ՀՀԿ-ն, համենայնդեպս, ետընթաց չի ունենա: Իսկ առաջընթացի մասին համեստորե՞ն եք լռում՝ հարցին էլ պատասխանեց. «Մտածում ենք առաջընթացի մասին»: Aravot.am-ն էլ հիշում է, որ մի քանի շաբաթ առաջ Գալուստ Սահակյանը ՀՀԿ-ի համար միայն համամասնական ցուցակով 38-40 տոկոս քվե էր ակնկալում:

ՀՀԿ խմբակցության ղեկավարին առաջարկեցինք նաեւ մանրամասնել՝ հնարավո՞ր է, որ առաջիկա ընտրությունների արդյունքում ՀԱԿ-ը ՕԵԿ-ից ու ՀՅԴ-ից  ավելի շատ քվե ստանա, ինչպես դա եղավ 2009-ին՝ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, կամ անգամ իր թիկունքում թողնի ԲՀԿ-ին:

«Այն ժամանակ քաղաքական պայմաններն էին այլ»,- ասաց Սահակյանը՝ շեշտելով, թե ՀԱԿ-ը հիմա այլեւս չունի հասարակության այն վստահությունը, որն ուներ 2009-ին: Նրա կարծիքով՝ այն ընտրազանգվածը, որը ՀԱԿ-ն այն ժամանակ դեռ ուներ՝ այսօր հուսախաբված է, բայց նաեւ հավելեց, թե «այսօր ՀԱԿ-ի ծրագրային դրույթները հրապարակված չեն, երբ դա լինի՝ գնահատականներն ավելի հստակ կլինեն»:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031