Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ կինն է ասում՝ ի զեն, դրանով ամեն ինչ ասված է…»

Մարտ 20,2012 21:49
Երկու փոքր երեխաներ, միայնակ մեծացնող մայր, վթարային բնակարան: Այսպիսին էր ազատամարտիկ Գևորգ (Գեդեոն) Ազաջանյանի երիտասարդ ընտանիքի վիճակը, երբ ինքը 28 տարեկանում Արտաշատից մեկնեց ռազմաճակատ:

Կինը դեմ էր: Խոստովանում է՝ հաճախ է լացել, խնդրել, որ չգնա…«Ինձ համար, իհարկե, կարևոր էր կնոջս կարծիքը, բայց հայրենիքի պաշտպանության գործն ավելի կարևոր էր: Ի վերջո, հենց իրենց պաշտպանելու համար էի գնում»,- բացատրում է Գևորգ Աղաջանյանը:

Այժմ շատ պավոգրեր ու մեդալներ ունի, բայց իր խոսքով՝ ազատա­մարտիկներին նվիրված ցանկացած միջոցառման գնում է միայն երկրապահի տարբերանշանը կրծքին խփած: Այդպես իրեն ավելի լավ է զգում մարտական ընկերների կողքին: «Պատկերացրու, երկու ազատամարտիկներ նույն մարտերին մասնակցել են, բայց մեկը մեդալներ ունի, մյուսը չունի: Ես նեղվում եմ, որ մեկն իրեն մեջ է գցում մեդալ են տալիս, իսկ նա, ով չի պահանջում, չեն տալիս»,- ասում է ազատամարտիկ Ազաջանյանը:

Ընկերներից շատերը Գևորգին բնավորությամբ ուրախ, հյուրասեր, ընկերասեր ու Աստվածապաշտ բառերով են բնորոշում: Ձկնորսությունն ազատամարտիկի ամենասիրելի զբաղմունքն է: Կնոջ՝ Ֆլորա Աղաջանյանի խոսքով՝ ամռանը, օրվա ցանկացած ժամի, ընկերներով կարող են որոշել ու գնալ ձուկ բռնելու. « Այնքան ձուկ ուտել չեն սիրում, որքան բռնել: Շատ է պատահում, որ բերում բաժանում են հարևաններին»,- նշում է տիկին Ֆլորան:

Գևորգ Աղաջանյանը Միացյալ ուժերի շարժման  («Մուշ») կամավորական ջոկատների կազմում մասնակցել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական մարտերին: Կռվել է Նվեր Սարգսյանի անվան («Դիտակ Մուշ») ջոկատում: «Բարկանում եմ, երբ մեկ-մեկ ազատամարտիկները հայտարարում են, թե մենք գրավեցինք Շուշին: Մենք Շուշին չենք գրավել, ազատագրե՛լ ենք»,- ասում է ազատամարտիկը: Նա մեծ հիացմունքով է խոսում «Մուշ»-ի ղեկավար Լայերտ Սաղաթելյանի մասին: Ժպիտով հիշում է նրա նվիրվածությունն ու սերը հայրենիքի նկատմամբ: «Մի օր գնացել էինք պահեստից ռազմաճակատ կերակուր տանելու: Ուտելիքը մեքենան բարձելու ժամանակ վերցրի մի բանկա խտացրած կաթ, որ տայի Սաղաթելյանի կնոջը (այդ պահին ռազմաճակատում էր): Սաղաթելյանը նկատեց և շատ կոպիտ ինձ ասաց. «Սրանից հետո դու էլ չգաս ապրանքի հետևից», – պատմում է Ազաջանյանը:

Ազատամարտիկի խոսքով՝ իշխանություններն այսօր մի քիչ անտարբեր են իրենց նկատմամբ: «Ազատամարտիկն այսօր չունի ոչ մի արտոնություն: Պաշտպանության նախարարությունից ինձ թուղթ են տվել, որ սույն փաստաթուղթը ներկայացնողն իրավունք ունի օգտվել պատերազմի մասնակիցների համար նախատեսված արտոնություններից: Այդ արտոնությունների ցանկը Ազատամարտի վետերանների միությունը մշակել և ներկայացրել է Ազգային ժողովին: Արդեն 7 – 8 տարի այնտեղ է նախագիծը, վրան էլ երևի փոշի  է դրել»,-ասում է Գևորգ Ազաջանյանը:

Նա ընտանիքով  22 տարի ապրել է եղբոր վթարային տան մի հատվածում: Երեք երեխաներն էլ ծնվել ու մեծացել են այդ տանը: Միայն 2009 թվականին «Առաջ համահայկական հիմնադրամը» սոցիալապես անապահով ազատամարտիկի համար նոր բնակարան է կառուցել: Նրան էլ բախտ վիճակվեց նոր բնակարանի տեր դառնալ:

Գևորգ Աղաջանյանը մարդկային հարաբերություններում կարևորում է աստվածավախ լինելը: Համոզված է՝ եթե մարդ աստվածավախ է, ապա վատը լինել չի կարող:

Ազատամարտիկն արդեն թոռնիկ ունի: Այն սերը և  ժամանակը, որ պատերազմի տարիները խանգարել էին տալ իր երեխաներին, այսօր այդ ամենը թոռնիկինն է. «Որ օրը Լիլիթիկս պետք է գա մեր տուն, ես ոչ մի տեղ չեմ գնում: Խաղալիքով ենք խաղում, նստում է պապիկի ուսերին, ձի- ձի ենք խաղում: Ես էլ իր հետ մանկանում եմ»,- անկեղծանում է Ազաջանյանը:

Ընկերներով միշտ նշում են իրենց մարտական ընկերներից յուրաքանչյուրի տարեդարձն ու տարելիցը: Ազատամարտկիը համոզված է՝ երբ դադարում ես նշել, դադարում ես հիշել: Իսկ իրենք մոռանալ չեն կարող…

Մարտակից ընկերների հետ հաճախ են գնում դպրոցներ, խոսում երեխաների հետ, ստուգում բարձր դասարանցիների ռազմագիտական պատրաստվածությունը: Համոզված է՝ հայրենասիրությունը երեխաների մոտ պետք է սերմանել մանկուց:  «Որդիս, որ գնաց բանակ, իր համար դժվարություններից շատն արդեն հաղթահարված էր: Զենք կրակել ու շարային պատրաստվածություն էի սովորեցրել,- ասում է ազատամարտիկ Աղաջանյանը ու հավելում,- կնոջս էլ եմ սովորեցրել կրակել: Եթե Աստված չանի, անհրաժեշտություն լինի, ինքն էլ պետք է պատրաստ լինի: Կնոջ ներկայությունը մարտի դաշտում շատ կարևոր է եղել: Երբ կինն է ասում՝ ի զեն, դրանով ամեն ինչ ասված է»:

Գևորգ Աղաջանյանը վստահ է՝ գալու է օրը, որ մեր բիբլիական լեռանը գերությունից հետ ենք բերելու: Պապերի հողն առավել ևս…

 

Նունե Հովսեփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031