Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը հրապարակեց իր համամասնական ցուցակը

Մարտ 20,2012 20:48

Մարզահամերգային  համալիրում տեղի ունեցող, «Օրինաց երկիր» կուսակցության 15-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակը եւ մեծամասնական առաջադրումները: Այսպիսով, կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, երկրորդ տեղում ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն է, երրորդ հորիզոնականը զբաղեցնում է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն է, չորրորդում` գյուղնախարար Սերգո Կարապետյան: ՕԵԿ համամասնական ցուցակի հինգերորդ հորիզոնականում հայտնվել է վանաձորցի, Սորբոնի համալսարանավարտ Նելսոն Զուլոյանը, վեցերորդում Նյու-Յորքի համալսարանավարտ, ՀՀ-ում ԱՄՆ առեւտրաարդյունաբերական պալատի տնօրեն Դիանա Գեւազյանը, յոթերորդ համարը տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն է, ութերորդ համարը պաշտպանության նախարարության արդեն նախկին խոսնակ Դավիթ Կարապետյանն է, իններորդ համարը ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանն է, տասներորդը` Նատալյա Ադամյանը` նույնպես եվրոպական կրթությամբ:

ՕԵԿ մյուս փոխնախագահ Մհեր Շահգելդյանը ՕԵԿ համամասնական ցուցակում տասնմեկերորդն է:

Արթուր Բաղդասարյանը հրապարակեց նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրվողների անուններ, որոնց թվում էր նաեւ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը:

Ցուցակը հրապարակելուց եւ այս մարդկանց բեմ հրավիրելուց հետո բոլորը միասին բեմի վրա պարեցին ՕԵԿ-ի հաղթական քոչարին:

ՕԵԿ 15-ամյակի միջոցառումն իր ներկայությամբ պատվել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով ասել է, թե ՕԵԿ-ը վստահելի գործընկեր է: Իր հերթին Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ 2013 թվականի նախագահական ընտրություններում «Օրինաց երկիրը» սատարելու է Սերժ Սարգսյանին:

ՕԵԿ միջոցառմանը Եվրոպական ժողովրդական կուսկացության նախագահ Մարտենսի ողջույնի խոսքն ընթերցեց ԵԺԿ փոխնախագահը:

Մանրամասներն` ավելի ուշ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել