Այսօր Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները՝ բացառությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի, հայտարարությամբ հանդես եկան: Մասնավորապես Արմեն Մարտիրսյանն իր ելույթում ասաց, թե հետաքրքիր ժամանակներ ենք ապրում եւ դժգոհեց, թե՝ «գալիք ընտրություններին ընդառաջ տեղի են ունենում աննախադեպ այլակերպումներ. կոալիցիոն իշխանությունները, որ մինչ այժմ բառի բուն իմաստով կտրում էին ժողովրդի հացը, հիմա էլ փորձում են կտրել ընդդիմության հացը»: Նրա մատուցմամբ, կոալիցիոն իշխանությունների վերջին օրերի ելույթները «ընդդիմադիր խոսքի իսկական հատընտիրներ են: Բերվում են այնպիսի փաստեր, որոնց հետ հնարավոր չէ համաձայնել, երկրում տիրող ծանր իրավիճակը ներկայացնում են այնպես, ինչպես միշտ ներկայացրել են «Ժառանգության» պատգամավորները եւ ներկայացուցիչները: Եվ այդ ամենն արվում է այնպիսի պաթոսով, որ նույնիսկ ես երբեմն շփոթվում եմ՝ մտածելով, որ Հայաստանում գործել են ընդդիմադիր մեծ ուժեր, որոնց մասին ես տեղյակ չեմ եղել»:
«Ժառանգության» պատգամավորը, դիմելով կոալիցիոն գործընկերներին, ասաց, թե նրանց պատկերացումները ընտրողների մասին շատ ճիշտ են, որ իսկապես Հայաստանում ընտրողների ամենամեծ հատվածը՝ առնվազն 80 տոկոսը, հենց ընդդիմադիրներն են, ու կոալիցիոն իր գործընկերներին էլ հորդորեց մոռացության չմատնել նրանց կատարած «մեծ աշխատանքը մեր հայրենակիցներին աղքատացնելու ուղղությամբ» ու թվարկեց. «Չփորձե´ք անգամ փոքր ինչ չքմեղանալ, կարծես թե, այդ դուք չէիք կողմ քվեարկում այն օրենքների օգտին, որոնք նպաստեցին այս ամենին: Կարծեք ձեր ձևավորած գործադիր իշխանությունը չէ, որ գերակա շահի անվան տակ տանիքից զրկեց մեր հազարավոր քաղաքացիներին, իր ջերմ գրկում պահեց եւպաշտպանեց տնտեսության ստվերային հատվածը` մեր քաղաքացիներին զրկելով սոցիալական նորմալ պայմաններ ունենալու քրիստոնեական իրավունքից: Ձեր հրահանգներով աշխատող դատարաններում չե՞ն, որ ամեն օր, արհամարելհով մարդկանց իրավունքները, կայացվում են անարդար դատավճիռներ»: Նաեւ խորհուրդ տվեց՝ «քրիստոնեավայել է նաեւ մեղքերն ընդունելը: Ուստի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցությունների հարգելի´ ներկայացուցիչներ, ընդունեք ձեր մեծ մեղավորությունը և մասնակցությունը երկրի այս աղետալի իրավիճակը ստեղծելու հարցում: Եվ այդ ժամանակ մեր հայրենակիցները հնարավոր է ներեն ձեզ: Փոխվեք, որ հավատանք»:
Հակադարձող հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, որն ասաց. «Փաստ է մի բան, որ Հայաստան պետությունն իր ընտրությունը կատարել է՝ խորացնել ժողովրդավարական պրոցեսները, որովհետեւ Հայաստանում ժողովրդավարական ազատություններին այլընտրանք լինել չի կարող: Եվ այս իմաստով շատ կարեւոր եւ դրական էր ՀՀ կառավարող կուսակցության համագումարում նախագահ ՍերժՍարգսյանի ելույթը, որտեղ նա կոչ արեց մեզ՝ իր կուսակիցներին, համակիրներին եւ ողջ հասարակությանը գնալ համակարգային բարեփոխումների ճանապարհով»: Նա մեջբերեց նաեւ ՀՀԿ 13-րդ համագումարին ուղղված ԵԺԿ նախագահ Մարտենսի ուղերձում հնչած այն պնդումը, թե Եվրոպայում հպարտանում են ՀՀ նախագահի եւ նրա ղեկավարած քաղաքական ուժի իրականացրած բարեփոխումներով, եւ որ «ՀՀԿ-ի հաջողությունն անհրաժեշտ է առաջին հերթին ոչ թե ՀՀԿ-ին, այլ՝ հասարակությանը, որովհետեւ ՀՀԿ-ն է հանդիսանում Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջամարտիկը»: Նա նաեւ խոսեց արտաքին քաղաքական ոլորտում Հայաստանի համար, իր ձեւակերպմամբ կարեւորագույն խնդիրների՝ հայ-թուրքական հարաբերություններ, ԼՂ հարցի վերաբերյալ: Նա գոհունակությամբ շեշտեց, որ Հայաստանի պատվիրակության ջանքերով հնարավոր է եղել կասեցնել Լիտվայի սեյմում ադրբեջանբցիների կողմից հակահայկական եւ Արցախի դեմ ուղղված բանաձեւ, «որովհետեւ մենք հավատացինք, որ կարող ենք փոխել այդ բանաձեւը: Ուստի՝ կոչ եմ անում հավատով առաջ շարժվել, հավատալ, որ փոխենք»: