Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել են Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում գտնվող «Մոր և մանկան առողջության պահպանման» ԳՀԿ-ի հարակից պուրակի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները:
Նախագծի համաձայն` պուրակի միջանկյալ երկու կողմերով անցնելու են ասֆալտապատված լայն ճեմուղիներ` եզրագծված ծառաշարերով և կանաչ սիզամարգերով: Այդ նպատակով կվերանորոգվեն տարածքի միջնամասի կանաչ գոտու եզրաքարերը և աստիճանահարթակները: Հետիոտների հանգստի ապահովման համար կտեղադրվեն հարմարավետ նստարաններ, նաև աղբամաններ: Տարածքը կապահովվի նաև գիշերային լուսավորությամբ: Դենդրո նախագծի իրականացման համար պուրակում արդեն սկսվել են ոռոգման ցանցի անցկացման աշխատանքները: Զուգահեռաբար նախապատրաստական աշխատանքներ են տարվում կանաչապատման, ծաղկապատման և պուրակի ընդհանուր ձևավորման ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն