Հայաստանում մարտ ամսից մեկնարկել են ֆրանկոֆոնիական միջոցառումները, որոնք կշարունակվեն ապրիլին ու Երեւանից բացի կընդգրկեն ՀՀ մարզերը: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն այդ ամենը որակում է ֆրանկոֆոնիական գարուն:
Հայաստանին 2008 թվականից շնորհվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամի կարգավիճակ, իսկ այս տարվա Կինշասայի գագաթաժողովին մեր երկիրը կդառնա լիիրավ անդամ:
Այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը այս թեմայով խոսեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն , ՀՀ Արտգործնախարարի ֆրանկաֆոնիայի հարցերով խորհրդական, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը ստանձնած երկրի՝ Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկին: Ֆրանսիայի դեսպանը մի քանի նախադասություն հայերեն արտասանելուց հետո ներկայացրեց ֆրանկոֆոնիական հարուստ ծրագիրը՝ դասական, ժամանակակից եւ այլ ժանրերի երաժշտության երեկոներ համերգներ, թատերական ներկայացումներ, որոնցից դեսպանը շեշտեց Բիզեի «Կարմենի» երեւանյան համերգային կատարումը, Ֆիլմի ցուցադրություն, որին ներկա կլինի ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը, հեքիաթի փառատոն, անգամ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի կողմից կազմակերպված վազքի մրցումներ, գիտաժողովներ ու զանազան միջոցառումներ՝ բուհական շրջանակների, մասնավորապես, Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործուն մասնակցությամբ:
Կարդացեք նաև
«Ֆրանկոֆոնիան ասես գեղեցիկ ծաղկեփունջ լինի, որտեղ յուրաքանչյուր ծաղիկ իր դերն ունի ծաղկեփունջը կատարյալ դարձնելու առումով»,-պատկերավոր ասաց Ֆրանսիայի դեսպանը, հիշեցնելով, որ Ֆրանկոֆոնիան որպես շարժում միավորում է 75 պետություն, 220 մլն մարդ էլ ֆրանսերեն է խոսում աշխարհում:
Քրիստիան Տեր-Ստեփանյանն էլ փաստեց, որ եթե 2008-ին Հայաստանում ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա միջոցառումները մեկ շաբաթում ավարտվեցին, 2010-ին դրանք տեւեցին 2 շաբաթ, 2011-ին շուրջ մեկ ամիս, այս տարի՝ համարյա 3 ամիս, ընդգրկելով դպրոցները, բուհերը, մշակութային օջախները, Երեւանն ու մարզերը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ