Չնայած քաղաքական ուժերի նախընտրական տրամադրություններին ու ԱԺ-ում հայրենի օրենսդիրների սակավությանը՝ խորհրդարանը շարունակում է հերթական քառօրյա նիստեր գումարել։
ԱԺ-ում այսօր քննարկվեցին մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծեր, միջազգային պայմանագրեր եւ նույնիսկ օրենքների մի քանի նախագծեր ընդունվեցին։
Ի թիվս այլ օրինագծերի՝ ընդունվեց նաեւ ՀՀ նախագահի առարկությամբ ԱԺ-ին վերադարձված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, նաեւ վավերացրին չորս համաձայնագիր։
Սրանց թվում բացառություն էր միայն «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագիծը», որը ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը այդպես էլ քվեարկության չդրեց, քանի որ ՀՀԿ-ականները մտավախություն ունեին, որ օրենքն ընդունելու համար անհրաժեշտ քվորում կարող է չապահովվել եւ օրինագիծը հերթական անգամ կարող է տապալվել։ Քվորումն ապահովելուն չօգնեց նաեւ ՀՀԿ խմբակցության կողմից մինչեւ քվեարկությունը վերցրած 20 րոպեանոց ընդմիջումը։ Այս օրինագիծը, օրվա երկրորդ կեսին քննարկված այլ օրինագծերի հետ միասին քվեարկության է դրվելու վաղը։ Վաղն է քվեարկության ներկայացվելու նաեւ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում ՀՀ կառավարության կողմից առաջարկված փոփոխությունների նախագիծը, որը ԱԺ գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն էր ստացել։
Կարդացեք նաև
Խորհրդարանը քննարկեց նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տարեկան հաշվետվությունը, որը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ