Մարտաֆիլմերի հերոս, ռեժիսոր, պրոդյուսեր Գոռ Վարդանյանի ծննդյան վկայանում, պարզվում է, նրա անունը Արմեն Վարդանյան է: Այսօր Aravot.am-ը Գոռից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է հետագայում Արմենը դարձել Գոռ: Նա պատմեց, որ փոքր ժամանակից տնեցիներն իրեն Գոռ են ասել` մնացել է Գոռ. «Հատուկ պատմություն չկա, ուղղակի դա իմ երկրորդ անունն է եղել, էդպես մնացել է»:
Օրերս Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվեց Գոռ Վարդանյանի «Ճակատագիր» ֆիլմը, որը դիտելու ժամանակ ԱՄՆ-ում մի մարդ կաթված էր ստացել: Մենք հետաքրքրվեցինք, տեղյա՞կ ես այստեղի արձագանքներից, նման դեպքեր չե՞ն գրանցվել. «Երբ ժամանակին դա մեծ էկրանի վրա ցույց էինք տալիս, եղել է դեպք, որ մարդիկ վատացել են, շտապօգնություն են կանչել մի քանի անգամ: Նման բաներ եղել են: Հիմա չգիտեմ, հեռուստատեսությամբ նայելը մի քիչ ուրիշ է»:
Գոռ Վարդանյանի ֆիլմերի ցուցադրությունից հետո Ֆեյսբուքում քննադատությունների ալիք է բարձրանում, որ նա դերասան չէ, դեմքի միմիկաները ուրախության, տխրության, սարսափի պահին նույնն են: Այս առնչությամբ Գոռ Վարդանյանը պատասխանեց. «Դուք նայե՞լ եք «Ճակատագիր» ֆիլմը, հավանե՞լ եք հերոսին, ուրեմն անիմաստ է մնացած խոսակցությունները: Ով էլ որ ինչ խոսում է` դրանք սաղ պարապ–սարապ, անբաղ–զանբաղ մարդիկ են, էնքան որ՝ մի բան ուզում են խոսեն: Ինձ չի հետաքրքրում դա: Ինձ հետաքրքրում է, որ մարդիկ հավանեն ֆիլմը, հավատան հերոսին: Կարող է սխալներ էլ լինեն: Ես խնդիր չունեմ, որ ինձ ասեն՝ լավ դերասան է: Ես չեմ էլ ուզում, որ ինձ ասեն` Գոռ Վարդանյանն ամենալավ դերասանն է, ոչ: Ընդհակառակը, ես դրա ձգտումը չունեմ, ինձ պետք է, որ ժողովուրդը սիրի ֆիլմը, Պողոսը, որ կմոտիկանա, ասի` շնորհակալություն, ինչքան լավ ֆիլմ էր»:
Կարդացեք նաև
Գոռ Վարդանյանը կարծում է, որ «Ճակատագիր» ֆիլմը ներքին քաղաքականությունն էլ կարող է փոխել. «Լավ կլինի մարդիկ ամաչեն իրարից, չմոռանան, որ հայ են, որովհետեւ շատ են ճամբարների բաժանվել քաղաքական դաշտերում եւ քաղաքական պայքարը դարձել է թշնամանք` իրար հանդեպ»:
Գոռը վստահեցրեց, որ առայժմ որեւէ կուսակցության կողմնակից չէ, եթե ունենա` հայտարարություն կանի այդ մասին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ