Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն այսօր դեսպանատանը կայացած ասուլիսում ֆրանկոֆոնիական միջոցառումների մասին խոսելիս անդրադարձավ դեսպանատան միջոցով, ՀՀ ԿԳ եւ արտգործնախարարությունների աջակցությամբ ֆրանսերենի քարոզմանը, ինչը կարտահայտվի նաեւ երեւանյան 10 հանրակրթական դպրոցներում շաբաթական 3-ի փոխարեն 6 ժամ խորացված ֆրանսերեն ուսուցանելով: «Հայաստանը դիմել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը լեզվաբանական դաշնագիր կնքելու խնդրանքով»,-շեշտեց պարոն Ռենոն: Դեսպանը խոսեց նաեւ առաջիկայում Հայաստանում ստեղծվելիք ֆրանսիական լիցեյի կարեւորության մասին, ասելով՝ «Դա ծրագիր է, որի վրա լրջորեն աշխատում ենք ԿԳ նախարարության հետ` որպես դեսպանատուն»:
Հարցին՝ երբ այն կկենսագործվի, դիվանագետը պատասխանեց. «Խոսքը վերաբերում է այնպիսի ծրագրի, որը պետք է համոզիչ լինի, քանի որ երեխաների համար է…Մենք աշխատում ենք հետեւյալ սկզբունքով՝ արագ գնալ, բայց շատ չշտապել»,-հավելեց դեսպանը, սակայն հստակ ժամկետներ չնշեց: Նա նաեւ ասաց, որ այդ թեմայով վերջերս նորից հանդիպում է կայացել ԿԳ նախարարի հետ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ