Այսօր` մարտի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15-ի սահմաններում, 49-ամյա Սուրեն Խաչատրյանը, վարելով թիվ 33 երթուղին սպասարկող «Գազել 3211» մակնիշի 0621 Տ համարանիշի ավտոմեքենան, բախվել է «Վազ 2107» մակնիշի ՏՏ 0214 համարանիշի և «ԲՄՎ 500» մակնիշի 05 ՕՍ 557 համարանիշի ավտոմեքենաներին:
Բախման հետևանքով թիվ 33 երթուղայինը կողաշրջվել է:
Կարդացեք նաև
Կարճ ժամանակում դեպքի վայր էին ժամանել 1-03 ծառայության և ոստիկանության Արաբկիրի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները:
Բժիշկները հենց դեպքի վայրում առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին թեթև մարմնական վնասվածք ստացած 3 քաղաքացիների, ինչից հետո բժիշկները մեկնեցին դեպքի վայրից, քանի որ տուժողները հայտնեցին, որ իրենց լավ են զգում, պարզապես վախեցել էին վթարից: Բոլոր թեթև մարմնական վնասվածք ստացածներն էլ«Գազելի» ուղևորներն էին:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները` ավագ տեսուչ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ:
Քիչ հետո դեպքի վայր պետք է ժամանեն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները և ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչը:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ «Գազելի» արգելակները չեն աշխատել, և «Գազելի» վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել բետոնե սալիկներին, այնուհետև հարվածել վերոնշյալ երկու ավտոմեքենաներին և կողաշրջվել:
«Վազ 2107»-ի վարորդը եղել է 26-ամյա Արտյոմ Նիկողոսյանը, իսկ «ԲՄՎ»-ինը` 36-ամյա Գարեգին Թոփալյանը:
Լուսանկարները` Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ