Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Լոռու հեռուստաալիքները հրաժարվեցին քաղաքական գովազդից

Մարտ 20,2012 16:46

Այս տարվա մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում քաղաքական գովազդից հրաժարվելը, Լոռու մարզային եւ վանաձորյան հեռուստաընկերությունների ղեկավարների կարծիքով, դժվար կացության մեջ կգցի ոչ միայն առաջադրված պատգամավորության թեկնածուներին ու կուսակցություններին, այլ նաեւ խորհրդարանական ընտրությունների շեմին կանգնած լոռեցիներին:

Եթե նախորդ տարիներին հեռուստաընկերություններն իրենք էին որոշում նախընտրական քարոզչության ընթացքում իրենց եթերից հնչող քաղաքական գովազդի խելամիտ գինը, ապա 2011 թ.-ին Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով՝ վճարովի եթերաժամի 1 րոպեի գինը չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին 6 ամսվա ընթացքում առևտրային գովազդի միջին գինը և չի կարող փոփոխվել մինչև քարոզչության ավարտը:


«
Այն պատգամավորության թեկնածուները, ովքեր այսօր մտածում են, թե հեռուստաընկերություններն ինչու որոշեցին քաղաքական գովազդից հրաժարվել, մոռանում են, որ հենց իրենք են մյուս պատգամավորների հետ Ազգային ժողովում հաստատել եթերից հնչող նախընտրական գովազդի գների չափորոշիչները: Երեւի թե չեն մտածել, որ հեռուստաընկերությունները, այն էլ մարզային, չեն կարող այդպիսի գներով աշխատել»,- քաղաքական գովազդ հեռարձակելու ոչ շահավետ լինելու մասին է պատմում «Ֆորտունա» Լոռու մարզային հեռուստաընկերության նախագահ Կարեն Արշակյանը:

Նա ասում է, որ նախքան եթերից հնչող նախընտրական գովազդի գների չափորոշիչների որոշելը, ԱԺ-ում անցկացվող քննարկումներին անհրաժեշտ էր նաեւ հրավիրել ոլորտի ներկայացուցիչների` լավ օրենք ստեղծելու նպատակով. «Դժվար չէր հրավիրել, ասել, որ ունենք այսպիսի նախագիծ, մասնակցեք քննարկումներին, ձեր կարծիքն էլ հայտնեք, որ հետո մենք լավ օրենք ստեղծենք»:

Արդյունքում, ըստ ոլորտի ներկայացուցիչների, պատգամավորության թեկնածուներն ու կուսակցությունները զրկվում են իրենց նախընտրական ծրագրերը ներկայացնելու, իրենց խոսքը տեղ հասցնելու լայն հնարավորությունից, ընտրության առջեւ կանգնած բնակիչներն էլ ավելի լավ կողմնորոշվելուց ու տեղեկացված, իրազեկ լինելուց:

«Մարդիկ զրկվում են իրենց մեջ եղած հազար ու մի ինչուների պատասխանները գտնելու, կողմնորոշվելու հնարավորությունից: Վերջին հաշվով ընտրում են մեկին, ով իրենց կյանքի հետ առնչվող օրենքներն է մշակում»,- գովազդից հրաժարվելու հետեւանքներն է պարզաբանում Վանաձորի «Միգ» հեռուստառադիոընկերության գլխավոր տնօրեն Սամվել Հարությունյանը, որը քաղաքական գովազդ չհեռարձակելու որոշումը կայացրել է հաշվարկների եւ ստեղծագործական խմբի հետ ժողովի արդյունքում:

Կարեն Արշակյանն էլ պարզաբանում է, թե որքան էլ հանրապետական հեռուստաալիքները հեռարձակեն քաղաքական գովազդ, այնուամենայնիվ մարզում ապրող հեռուստադիտողը հակված է տեղական հեռուստաալիքը դիտելու. «Երեւանի հեռուստաալիքներով պատգամավորության թեկնածուն չի խոսելու Լոռիում, Վանաձորում կամ Սպիտակում առկա խնդիրները բարձրացնելու, ընտրողների ձայնը տեղ հասցնելու թեմաներից: Իսկ ընտրողը պետք է իմանա, թե տվյալ մարզ այցելած պատգամավորության թեկնածուն, կուսակցությունը կամ դաշինքը ինչ է խոստացել, որպեսզի մեկերկու տարի անց արդյունքների վերաբերյալ պահանջատեր լինի»:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031