Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմիկ Զոհրաբյանը` «պետական հատուկ վտանգավոր հանցագործ» (Տեսանյութ)

Մարտ 20,2012 16:26

Այսօր Aravot.am-ը ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե չի՞ պատրաստվում անդամագրվել «Քաղբանտարկյալներ» իրավապաշտպան հ/կ-ին: Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց. «Ամբողջ հարցը նրանում է, որ իրենց քաղբանտարկյալներ չեմ համարում, որպեսզի մասնակցեմ նրանց միջոցառումներին: Իսկական քաղբանտարկյալներ ես համարում եմ նրանց, ովքեր պայքարել են Հայաստանի անկախության համար: Իսկ իրենք ընդամենը իշխանություն գալու, էն էլ զարտուղի ճանապարհներով, գիտեք «Մարտի 1»-ի ժամանակ ինչեր եղավ, ես նրանց քաղբանտարկյալ չեմ համարում: Թող նեղանան, թող նորից ինձ քննադատեն, բայց միեւնույն է: Մյասնիկ Մալխասյանը մասնակցել է պատերազմի, անկախության համար, ես դա գնահատում եմ, բայց երբ գալիս են ձողերով, փայտերով իշխանություն վերցնելու` մարդկանց ծեծելով, կռվի ճանապարհով` ես դա չեմ ընդունում: Նրանք քաղբանտարկյալ չեն, քրեական դատապարտվածներ են, որոնց ժամկետները լրացել է կամ համաներմամբ ազատվել են»:

Մեր դիտարկմանը, որ իրենք էլ Ձեզ քաղբանտարկյալ չեն համարում, ասում են, որ Լենինի նկարին մի հատ թարս նայելու համար դատվել եք, ձեզ սարքել եք ալամ-աշխարհի քաղբանտարկյալ, իրենց` հանցագործ` պարոն Զոհրաբյանը հակադարձեց. «Որ Լենինի նկարին թարս նայել եմ` դա ճիշտ են ասում, ոչ միայն թարս եմ նայել, այլեւ այրել եմ այդ նկարը: Բայց մինչեւ այդ ես եղել եմ ընդհատակյա գործունեությունում, մենք տպել ենք թերթեր, թռուցիկներ տարածել, մարդիկ ենք հավաքել ընդհատակում, որպեսզի այսօր ունենայինք կադրեր: Եվ այսօր, երբ դուք տեսնում եք Անդրանիկ Մարգարյանի նման կադրերը, Աշոտ Նավասարդյանի եւ ԱՄԿ-ի մյուս անդամների, նրանք հենց այդ կադրերն են, որ մենք կարողացանք տալ անկախության համար պայքարում: Այսինքն, այ դրանք քաղկալանավորներ էին, այսինքն` Հայրիկյան, Մարգարյան, ես եւ էլի շատերը, ովքեր նստած էին: Բայց խորհրդային միության իշխանավորները մեզ չէին ճանաչում քաղկալանավոր, համարում էին որպես պետական հատուկ վտանգավոր հանցագործներ: Այնպես որ թող Մալխասյան Մյասնիկը կամ ով էր ասում` թող ինձ համարեն պետական հատուկ վտանգավոր հանցագործ, բայց` նախկինում»:

Մեզ հետ զրույցում պարոն Զոհրաբյանը մեկնաբանեց նաեւ, թե ՀՀԿ 6 փոխնախագահներ ունենալու նպատակը որն է, չե՞ն ուզեցել մեկին նեղացնել, թե՞ շատ լինի` քիչ չլինի սկզբունքով են առաջնորդվել. «Քանի որ խորհուրդն ընդլայնվեց 140 հոգի արդեն, եւ կուսակցությունն արդեն 150 հազարանոց է, բնականաբար, կան ոլորտներ, որ պետք է սպասարկեին արդեն հավելյալ նախագահներ: Բացի այդ, Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետը ի պաշտոնե էլ կարծես փոխնախագահ էին, բայց զուտ պաշտոնապես այդ մասին ասվեց, էլի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031