Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփիչ հայտարարություն Ոստիկանության գործողությունների վերաբերյալ

Մարտ 20,2012 16:19

Հայտարարություն

 Ոստիկանությունը չպետք է դառնա գործիք ապօրինի որշումների կատարման համար:

 Մաշտոցի պուրակում վերջին օրերին ընթացող իրադարձությունները վկայում են, որ փորձ է արվում Երեւանի քաղաքապետի եւ ՀՀ կառավարության անօրինական որոշումների դեմ քաղաքացիների պայքարին ուղղված գործընթացը տեղափոխել ոստիկանություն-հասարակություն հարաբերությունների դաշտ: Մեկ անգամ եւս շեշտում ենք` մեր պահանջն ուղղված է  Երեւանի քաղաքապետին ու ՀՀ վարչապետին, այլ ոչ թե ոստիկաններին: Ոստիկաններին հորդորում ենք չվերածվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հակաիրավական որոշումները կյանքի կոչող բութ գործիքի` դրանով դառնալով հասարակության կշտամբանքի թիրախ. քաղաքացիական եւ իրավական պետականության կայացման համար ոստիկանությունը չափազանց կարեւոր ինստիտուտ է: Ամփոփելով Մաշտոցի պուրակի շուրջ ընթացող վերջին իրադարձությունները` անհրաժեշտ ենք համարում վերջնականապես կատարել որոշ հստակեցումներ:

1. Ոստիկանության գործողությունները վկայում են, որ ոստիկանությունը որոշումներ կայացնող եւ դրանք կյանքի կոչող պետական մեքենայի անբաժանելի մասն է կազմում: Սույնով, որոշումների կայացման եւ դրանց կենսագործման գործընթացը պետք է դիտարկել որպես մեկ ամբողջական գործընթաց: Հետեւապես, ոստիկանության գործողությունների իրավաչափությունը պետք է գնահատել ոչ թե ընդհանուր համատեքստից կտրված, ինքնաբավ իրավական հարթության վրա, այլ համապատասխան մարմինների կողմից կայացված որոշումների կենսագործումն ապահովելու ընթացքում թույլ տրված մարդու իրավունքների խախտումների համատեքստում:

2. Ոստիկանությունը պետք է մանրամասն կանոնակարգի իր իրավասությունների շրջանակը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում, մշակի քաղաքացիական իրավահարաբերությունները վարչական եւ քրեական իրավունքի ոլորտում գտնվող հարաբերություններից տարանջատող հստակ չափորոշիչներ եւ նվազագույնի հասցնի իր միջամտությունը Մաշտոցի պուրակի` քաղաքացիաիրավական գործընթացներին: Դրա համար կա դատարան: Բացի այդ, ակնհայտ անօրինական հրաման կամ կարգադրություն կատարելուց խուսափելու համար ոստիկանությունը պետք է կանոնակարգի իր եւ այլ կառույցների միջեւ հարաբերությունները, մշակի այլ մարմինների կայացրած որոշումների իրավաչափությունը գնահատելու հստակ եւ մանրամասն մեխանիզմներ:

3. Մաշտոցի պուրակում տեղադրված վրանի «ապամոնտաժման» ընթացքում տեղի են ունեցել մարդու իրավունքների կոպիտ խախտումներ` ոստիկանության միջամտությունը եղել է անհամաչափ (մթության մեջ մի քանի տասնյակ ոստիկաններ առանց նախազգուշացման հարձակում են գործել պուրակում տեղակայված միակ, փոքր չափերով վրանի վրա, որի ներսում եղել է քնած մարդ, եւ, կոտրելով վրանը, այն տեղափոխել են ոստիկանության բաժին): Ոստիկանությունը չի ներկայացրել բանական հիմնավորումներ, որ պուրակում վրանի տեղադրումը խախտել է որեւէ մեկի իրավունքը կամ ազատությունը: Հետեւապես, վրանի «ապամոնտաժման» ընթացքում ոստիկանության վարքագիծը ոչ միայն զավեշտալի է, այլեւ անօրինական: Հասարակության անդամները պաշտպանում են իրենց հանրային սեփականության իրավունքը, որը համարվում է մարդու սահմանադրական, հիմնական իրավունք եւ մարդու իրավունքների հիերարխիայում զբաղեցնում է ավելի բարձր տեղ, քան այն հնարավոր «անհանգստությունը», որը կարող էր պատճառվել տեղադրված վրանի պատճառով: Այս գործողության համար հրաման տվողներն ու անմիջական կատարողները պետք է ենթարկվեն համարժեք պատասխանատվության:

4. Չնայած ոստիկանական համակարգում կատարվող առերեւույթ բարեփոխումներին` ծավալվող իրադարձությունները ցույց են տալիս, որ համակարգը չի ձերբազատվել սովետական համակարգից ժառանգած բանսարկու, հակաժողովրդական գործելաոճը: Այդ մասին է վկայում ոստիկանական գործողություններին «հաստիքային» սադրիչների ու ընթերակաների մասնակցությունը, ճեղքեր տվող արհեստական քաղաքավարությունը: Առանձին ոստիկաններ իրենց թույլ են տալիս բողոքի ակցիայի իգական սեռի մասնակիցների նկատմամբ գռեհիկ, անվայելուչ արտահայտություններ, որոնք տեսաձայնագրվել են եւ տեղադրվել ինտերնետում: Այդ գործողություններով ոստիկանության վերը նշված աշխատակիցներն ակնհայտորեն դուրս են գալիս իրենց պաշտոնեական լիազորությունների շրջանակից, հասարակության մոտ նսեմացնում են ոստիկանության աշխատակցի հասարակական դիրքը, ոստիկանների նկատմամբ սերմանում խիստ բացասական վերաբերմունք` դրանով խաթարելով ոստիկանության նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորման հնարավորությունը:

5. Որոշ ոստիկանների կողմից ներկայացվող գանգատները, թե բողոքի ակցիայի առանձին մասնակիցներ իրենց նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում, խիստ մտահոգիչ են: Այս փաստը ենթակա է բազմակողմանի վերլուծության: Այսպես, նախ` ոստիկանությունն իր խիստ անհամարժեք գործողություններով ստիպում է, որ իր նկատմամբ հասարակության վերաբերմունքը լինի բացասական: Համաձայնեք, դժվար է լուրջ վերաբերվել մի կառույցի, որի հարյուրից ավելի աշխատակիցներ շղթա կազմած հասարակության անդամներից օրուգիշեր պաշտպանում են մի քանի մանր տաղավարներ, մթության մեջ սադրանքներ են բեմականացնում` շեղելով մարդկանց ուշադրությունը եւ այդ ընթացքում հարձակվում են ոչ ոքի չխանգարող փոքրիկ վրանի վրա: Դժվար է հարգանք ունենալ այն մարդկանց նկատմամբ, ովքեր պարբերաբար դրժում են «սպայի տված խոսքը», գիշերային ժամին հսկում են ինչ-որ քրջուփալասի վաճառակետ հանդիսացող տաղավարի շինարարական աշխատանքները, խրոխտաբար կազմակերպում են «վրան» օպերացիան, մասնակիցների նկատմամբ թույլ են տալիս գռեհիկ արտահայտություններ: Բացի այդ, գանգատվող ոստիկաններն իրենք են փաստում, որ իրենց հասցեին հնչեցված արտահայտությունները վիրավորանք չեն, իսկ ակցիայի առանձին մասնակիցների հնարավոր «հեգնական» արտահայտությունները կարելի է ընկալել որպես ոստիկանության անհավասարակշռված գործելաոճի եւ նրա առանձին աշխատակիցների հակաիրավական գործողությունների նկատմամբ զգայական արձագանք: Նման վերաբերմունքից խուսափելու համար պետք է պարզապես զերծ մնալ անհեթեթ թվացող գործողություններ կատարելուց եւ չդիմել սադրանքների:

6. Միեւնույն ժամանակ, բոլոր ոստիկաններին կոչ ենք անում զերծ մնալ  ՀՀ քաղաքացիներին «երեխեք», «բալիկ ջան», «աղջիկս/տղաս», «ազիզ ջան» և նման տիպի բառերով դիմելուց:  Եթե կա անհրաժեշտություն որեւէ մեկին դիմել անձնապես, ապա կարող ենք հարցնել անձի անունը եւ դիմել անունով, իսկ եթե տվյալ պահին դա հնարավոր չէ, ապա, խնդրում ենք  բոլոր քաղաքացիներին, անկախ սեռից եւ տարիքից, դիմել «Հարգելի քաղաքացի» եւ բոլորի հետ խոսել բացառապես Դուք-ով:

Եւս մեկ անգամ վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ մեր պայքարն ուղղված է վերականգնելու հասարակության խախտված իրավունքներն իր հանրային սեփականության նկատմամբ: Այս նպատակին հասնելու համար իրականացվող գործողություններն ուղղված չեն որեւէ մեկի, առավել եւս` ոստիկանության դեմ: Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին հորդորում ենք պետական այլ մարմինների հետ լրջորեն քննարկել Մաշտոցի պուրակում ոստիկանության անելիքների վերաբերյալ հիմնախնդիրը: Չի կարելի անհամարժեք գործողություններ կատարել եւ այլ մարմինների անօրինական որոշումները պաշտպանել ոստիկանների արժանապատվության հաշվին` սա ձեր կռիվը չէ: Հասարակության անդամների եւ ոստիկանի միջեւ փոխադարձ հարգանքն ու վստահությունը, նրանց միջեւ արդյունավետ համագործակցությունը անչափ կարեւոր են իրավական, ժողովրդավարական եւ քաղաքացիական պետություն կերտելու համար: Հուսով ենք, որ պատասխանատու պետական մարմինները բավարար չափով լրջություն եւ պատասխանատվություն կունենան հասարակության հետ կառուցողական եւ արդյունավետ համագործակցություն սկսելու համար եւ չեն գնա ստանդարտ` բռնաճնշումների ճանապարհով:

 

Մեր քաղաքացիական պայքարը շարունակվում է հանուն մեր իրավունքների նվաճման, ինքնորոշված քաղաքացու կայացման ու մեր հանրային տարածքների ու սեփականության պաշտպանության:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնություն
«Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնություն
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունՄաշտոցի պուրակի նստացույցի մասնակցիներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031