2011 թվականի նոյեմբերի 14-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ գործարար Սիլվա Համբարձումյանի միջեւ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը հայտնվել է համացանցում: Պարզվում է, ինքը՝ Սիլվա Համբարձումյանը դրանից անակնկալի է եկել, թեեւ ձայնագրությունը հրապարակելու մասին նախկինում հայտարարություն էր արել: Սիլվա Համբարձումյանի համար անակնկալ էր ոչ թե տեսահոլովակը, այլ դրա հայտնվելը, քանի որ այն հրապարակել ինքը պատրաստվում էր առաջիկա օրերին տեղի ունենալիք մամուլի ասուլիսում: Aravot.am-ի հետ զրույցում գործարար կինը տարակուսանք հայտնեց ու չբացառեց, որ «ՀՀԿ-ական շրջանակները» լինեն դրա հեղինակը: Իր կասկածի առիթով մեր զարմանքին էլ այսպես հակադարձեց. «Է՜, հիմա մարդիկ այնքան տարբեր են…» ու նկատեց, որ այս իրադարձությունների ընթացքում ու արդյունքում մի բան է հասկացել. «Սուրիկն էնքա՜ն չուզող ունի»:
Ինչեւէ, էականն այս ամբողջ պատմության մեջ կողմերի՝ Սիլվա Համբարձումյանի եւ Սուրիկ Խաչատրյանի մեկնաբանություններն են:
Դեպքից 30-40 րոպե անց Aravot.am-ի հետ զրույցում Սիլվա Համբարձումյանը պատմել էր, որ «Մարիոթ» հյուրանոցում եւ ֆոյեում տեսնելով Սիլվա Համբարձումյանին՝ «խուլիգանի նման հարձակվեց, ոտքով խփեց, հետո՝ ձեռքով»:Միջադեպի առիթը մամուլի ասուլիսում գործարարի հնչեցրած մեղադրանքներն էին՝ անօրինական կերպով իր ձեռքից հանքը խլելու ու միլիոնավոր դոլարների սարքավորումներ յուրացնելու մասին: Միջադեպի օրը, ուշ երեկոյան, մարզպետարանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որում ասված էր. «Զանգվածային որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել, ըստ որոնց, ս/թ նոյեմբերի 14-ին ,Երևանում, 17:30-ի սահմաններում, «Մարիոթ» հյուրանոցում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իբրև թե ծեծել է գործարար Սիլվա Համբարձումյանին: Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում, դրանք հորինված, բացարձակ սուտ ու զրպարտություն են՝ ուղղված ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ»:
Կարդացեք նաև
Լրատվական մակարդակից մարզպետ- գործարար վեճը տեղափոխվեց իրավական մակարդակ: Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) քրեական գործ էր հարուցել ու նախաքննության արդյունքում որոշեց. «Տվյալ պարագայում վերը հիշատակված արարքն իր մեջ չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողություն, այն է՝ ծեծի հատկանիշներ՝ իր եզակիության եւ նվազ կարեւորության պատճառով, քանի որ քրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը»: Գործը կարճվեց: Այդ որոշման դեմ հետագա բողոքները մերժվեցին: Հաղորդագրություն տարածվեց, որ մարզպետն ու գործարարը համաձայնության են եկել «պարտքերը մարելու» շուրջ, բայց Սիլվա համբարձումյանը պնդում է, որ Սուրիկ Խաչատրյանն իր յուրացրած ապրանքների դիմաց այդպես էլ չի վճարել:
Իսկ Սուրեն Խաչատրյանը շարունակում էր պնդել, թե ինքը չի հարվածել՝ ընդամենը հրել է. «Չեմ ապտակել, հրել եմ… Տեսագրության մեջ էլ նման բան չկա, որովհետեւ ես գլխից մի թեթեւ հրել եմ»:
Հիմա, երբ արդեն առկա է տեսանյութը, կարծում ենք առավել առարկայական են դառնում բոլոր բացատրություններն ու մեկնաբանությունները:
Միջադեպի մանրամասները՝ տեսանյութում.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ