Այսօր ասուլիսում «Հայ հեղինակ» հ/կ-ի տնօրեն Սուսաննա Ներսիսյանը ներկայացրեց հեղինակային եւ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության առօրյա խնդիրներն ու հետագա ծրագրերը: Ս. Ներսիսյանի տեղեկացմամբ՝ ներկայումս Հայաստանում գտնվող ԵՄ պատվիրակությունը պատրաստվում է իրականացնել «Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության իրավունքների կիրառկման համակարգի հզորացման ծրագիրը», որի նպատակն է հայ եւ միջազգային մասնագետների փորձի փոխանակման միջոցով ուժեղացնել կեղծարարության դեմ պայքարը: «Կարելի է ասել՝ դանակը հասել է ոսկորին, որովհետեւ մեզանում խախտումների թիվը 90 տոկոսից ավելի է: Դա մեր տնտեսության վարկանիշի վրա է ազդում, քանի որ ոտնահարվում են ոչ միայն հայ, այլեւ արտասահմանյան հեղինակների իրավունքները»,- ասաց տիկին Ներսիսյանը: Տնօրենը հավելեց, որ այս բարդ ծրագրում ներառված են նաեւ պետական եւ իրավական մարմիններ՝ մաքսային վարչությունը, ոստիկանությունը. «Առանց իրավական մարմինների՝ ոլորտը չի կարող զարգանալ: Օրենսդրական դաշտում կան առանձին օրենքներ, որոնք կարգավորում են հեղինակային եւ մտավոր սեփականության իրավունքը, բայց հիմա հեղինակային իրավունքի օրենքում փոփոխություններ են արվում, քանի որ այդ դաշտը դինամիկ է»:
Ս. Ներսիսյանի խոսքով՝ խախտումներն առավել շատ արձանագրվում են ձայնասկավառակների վաճառքի կետերում, քանի որ հեղինակը արտադրում է, իսկ վաճառողները՝ բազմացնում ու վաճառում առանց հեղինակի թույլտվության: Բացի վերոհիշյալից, խախտումների աճին նպաստում են նորագույն տեխնոլոգիաները, քանի որ համակարգիչների միջոցով տարածվում է մեծ քանակությամբ ինֆորմացիա՝ առանց հեղինակների համաձայնության:
Ս. Ներսիսյանը հայտնեց, որ ԵՄ ծրագրում ներառված է նաեւ մեր դատական համակարգը. «Ինձ ուրախացնում է դատավորների հետաքրքրությունը ոլորտի հանդեպ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ