Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Բաբուխանյան.«Որոշ մարդկանց որոշ տեղերը մրմռում են» (Տեսանյութ)

Մարտ 20,2012 14:29

Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի 19-րդ տեղը զբաղեցնող, «Սահմանադրական իրավունք միություն» (ՍԻՄ) նախագահ Հայկ Բաբուխանյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե ո՞ր արժանիքների համար է ՀՀԿ ցուցակի նման լավ տեղում հայտնվել: Պարոն Բաբուխանյանը նկատեց, որ «լավ տեղ» ասվածը հարաբերական է.«Ժամանակին «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի երրորդ տեղում եմ եղել, այնպես որ «լավ» ու «վատ» տեղեր չկան: Կա աշխատանք, պարտավորություն ազգի առաջ, որը պետք է  կարողանանք իրագործել: Ինչ վերաբերում է արժանիքներին, ապա իմ դրական եւ բացասական արժանիքները պետք է գնահատի ընտրողը, մեր ժողովուրդը»:  Այդուհանդերձ հիշեցրեց խորհրդարանական աշխատանքի փորձի մասին. «Ունենք համապատասխան փորձ, փորձառություն: 1990 թվականից մեր կուսակցությունը ներգրավված է այդ գործընթացներում, ես 25 տարեկանից եղել եմ ԱԺ երկու հանձնաժողովների անդամ: Ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ գնացինք համագործակցության ՀՀԿ հետ, կամ ինչու ՀՀԿ-ն գնաց մեզ հետ համագործակցության… որովհետեւ կար գաղափարախոսության ընդհանրություն` ազգային պահպանողական արժեքների, ազգային պահպանողական գաղափարախոսության ընդհանրություն: Շատ բնական եւ բացատրելի դաշինք է սա»:

Խնդրեցինք մեկնաբանել որոշ տեղերից հնչող այն գնահատականները, թե ՀՀԿ-ի ցուցակում «քաղաքական դիակներ» են հայտնվել, նաեւ այն, որ այդ դիակների թվում իր անունն էլ է նշվում. «Կմեկնաբանեմ, որ որոշ մարդկանց որոշ տեղերը ցավում են այն բանի պատճառով, որ ՀՀԿ-ն ուժեղացնում է իր ցուցակը, ուժեղացնում է իր ներկայությունը, ստեղծում է համագործակցություն` լայն քաղաքական եւ հասարակական սպեկտրի հետ, եւ խորհուրդ կտայի այդ մարդկանց, որ իրենց որոշ տեղերը չմրմռան»:

Ի դեպ, պարոն Բաբուխանյանի կանխատեսումներով` ՀՀԿ-ն միայն համամասնական ընտրակարգով կհավաքի 50% ձայն, եւ խորհրդարանում կունենա ճնշող մեծամասնություն: Այս մտքին նա հանգել է նաեւ վերլուծելով Հրազդանի ընտրությունները, որտեղ գործում էր «բոլոր քաղաքական ուժեր` հանած ՀՀԿ» բանաձեւը, սակայն ՀՀԿ-ն հաղթեց:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031