Ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյանի «Մայր» ներկայացման պրեմիերան, ըստ Ֆլորիան Զելերի համանուն պիեսի, կայացել էր անցյալ տարվա դեկտեմբերին: Օրերս այն կրկին «Գոյ» թատրոնում ներկայացվեց հանդիսատեսին՝ «Ագորա» թատերախմբի մատուցմամբ: «Առավոտի» հետ զրույցում Սերժ Մելիք-Հովսեփյանը նշեց, որ ներկայացման առանցքում կին եւ մայր հակասությունն է, որի արդյունքում, նրա ձեւակերպմամբ, շատ կանայք, մայր դառնալով, դադարում են կին լինել. «Շատերը իրենց կարող են գտնել այս պիեսում՝ դավաճանող ամուսին, տանից հեռացած որդի, միայնակ մնացած մայր»: Ռեժիսորի հավաստմամբ՝ թատերախումբն աշխատել է ապահովել այնպիսի հանդիսատես, որը թատրոն գալով՝ պետք է մտածի ոչ միայն զվարճանալու, այլեւ ուրիշների խնդիրների մասին: Գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորած դերասանուհու՝ Նարինե Գրիգորյանի խոսքով՝ մոր կերպարը հակասական է. չես կարող միանշանակ ասել՝ մայրը լավն էր, թե՝ ոչ. «Սկզբում նրա արարքներից հանդիսատեսը կարող է շոկ ապրել, բայց հետագայում զգում ես, որ պարտավոր ես հասկանալ մայրերին»: Չնայած պիեսը ներկայացնում է ֆրանսիացի ամուսինների բարդ հարաբերությունները, Նարինեի կարծիքով՝ նրա սյուժեն խորթ չէ հայ իրականությանը. ախր հայ կանայք էլ հաճախ մոռանում են իրենց մասին ու ամբողջովին տրվում երեխաներին:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ