Այսօրվա դրությամբ Հայաստանի մարզիկները նվաճել են Լոնդոնի օլիմպիական խաղերի 13 հաստատված վարկանիշ:
Ամենից շատ՝ թիմային 6 ուղեգիր, վաստակել են մեր ծանրորդները, որոնք ամառային օլիմպիական խաղեր գործուղելու են 4 տղայի եւ 2 աղջկա: Մեկական ուղեգիր ունեն հունահռոմեական եւ ազատ ըմբշամարտը, բռնցքամարտը, հրաձգությունը, սպորտային մարմնամարզությունը, աթլետիկան եւ թեքվանդոն: Ձյուդոյի ֆեդերացիայի հավաստմամ՝ իրենց երկու մարզիկներն էլ հաշվարկային մրցումներում բավականին միավորներ են վաստակել եւ արդեն գործնականում ապահովել մասնակցությունն օլիմպիական խաղերին: Բայց քանի որ այդ մրցումները դեռ շարունակվում են, պետք է սպասել դրանց ավարտին եւ միջազգային ֆեդերացիայի կազմելիք պաշտոնական ցուցակներում նրանց անունների հաստատմանը:
Սակայն եղածը դեռ վերջնական սահմանը չէ, եւ մենք դեռ 8-10 նոր ուղեգրերի ակնկալիքներ ունենք: Ասվածն առաջին հերթին վերաբերում է երկու ոճերի ըմբշամարտի ներկայացուցիչներին: Նրանք առջեւում դեռ երեք վարկանիշային մրցաշար ունեն, ինչպես նաեւ բռնցքամարտիկներին, որոնց ուղեգրերի քանակն ավելացնելու համար մնացել է ընդամենը մեկ հնարավորություն: Չի բացառվում նաեւ, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն, այսպես կոչված, սպիտակ քարտ հատկացնի այլ մարզաձեւերի ներկայացուցիչ մեր մի քանի մարզիկների եւս: Այնպես որ, առնվազն 22-25 մարզիկներով Լոնդոն մեկնելու մտադրությունը մնում է ուժի մեջ:
Կարդացեք նաև
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ