Զրույց երիտասարդ կոմպոզիտոր եւ դաշնակահար Արփինե Կալինինայի հետ
Արփինե Կալինինան 2007թ. հիմնել է հայ դասական երաժշտության «Կանթեղ» անսամբլը: 2009թ. որպես կոմպոզիտոր արժանացել է ՌԴ «Տրիումֆ» մրցանակին եւ ոսկե մեդալին: Տարիների ընթացքում այս մրցանակին արժանացել են մեծանուն արվեստագետներ Մ. Պլիսեցկայան, Ս. Ռիխտերը, Վ. Գերգիեւը, Ա. Ֆրեյնդլիխը, Եվ. Կիսինը եւ այլք:
– Ներկայացրեք «Կանթեղ» անսամբլի գործունեությունը՝ անդրադառնալով անսամբլի կողմից արդեն երրորդ տարին իրականացվող Կոմիտասյան համերգաշարին, որի բոլոր համերգների մուտքն ազատ է, իսկ «Կանթեղի» մենակատարները նվագում են անվարձահատույց:
– «Կանթեղ» անսամբլը նպատակ ունի լայն հանրությանը, հատկապես երիտասարդներին հասու դարձնել հայ դասական երաժշտությանը՝ ակունքներից մինչեւ մեր օրեր: 2010-ից ցայսօր «Կանթեղը» նախաձեռնել եւ հիմնականում սեփական միջոցներով իրագործում է Կոմիտասյան համերգաշար՝ հայ եւ օտարազգի ունկնդրին ներկայացնելով մեծն Կոմիտասի ստեղծագործությունները մշակութային օջախներում եւ ուսումնական հաստատություններում:
Համերգաշարի ընթացքում անսամբլի մենակատարները ներկայացնում են Կոմիտասի երկերի 1-ին հատորում ամփոփված մեներգերը ձայնի եւ դաշնամուրի, դրանց փոխադրությունները ջութակի եւ դաշնամուրի, սաքսոֆոնի եւ դաշնամուրի համար: Մինչ այժմ տեղի է ունեցել 11 համերգ-դասախոսություն. համերգային հատվածներն ընդմիջվում են Կոմիտասի մեներգերի մասին գրված իմ երաժշտագիտական աշխատանքից քաղված մատչելի հատվածներով եւ մեներգերի բանաստեղծական տեքստերով: Այսպիսով մենք փորձում ենք հնարավորինս համակողմանի ներկայացնել Կոմիտասի ժառանգությունը:
– Որպես երիտասարդ կոմպոզիտոր՝ ի՞նչ կասեք արդի հայ կոմպոզիտորական դաշտի եւ երիտասարդ կոմպոզիտորների խնդիրների մասին:
– Հայաստանում դասական ժանրում ստեղծագործող ժամանակակից կոմպոզիտորը քիչ հնարավորություններ ունի լսելու եւ ունկնդրի դատին հանձնելու իր ստեղծագործությունները, առավել եւս՝ եթե դրանք խոշոր կտավի երկեր են: Երբ երաժշտությունը չի հնչում, ոչ ոք չի կարող կռահել՝ այն արժեքավո՞ր է, թե՝ ոչ: Առավել ծանր վիճակում են գտնվում երիտասարդ կոմպոզիտորները: Ակնհայտ է՝ եթե երիտասարդ ստեղծագործողը չի լսում իր երկերը, ապա անկարող է զարգանալ, ձեւավորվել որպես պրոֆեսիոնալ կոմպոզիտոր: Նկարիչը, գրողը… կարող է տեսնել իր ստեղծագործության արդյունքը կտավի, թղթի վրա, ուրեմն եւ՝ կատարելագործվել, մինչդեռ կոմպոզիտորական արվեստի գաղտնիքներին տիրապետելու, անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմ ձեռք բերելու համար երիտասարդ կոմպոզիտորը պետք է լսի իր ստեղծագործությունների կատարումները՝ պարզելու ստեղծագործության պարտիտուրի եւ կատարման համապատասխանությունը: Քանի որ երիտասարդ կոմպոզիտորը չունի մեծ լսողական փորձ, ապա պարտիտուրը (կոմպոզիտորի մտահղացման եւ ցանկալի հնչողության գրառումը) կարող է եւ չհամընկնել ռեալ հնչողության հետ: Լսողական փորձը երիտասարդ կոմպոզիտորին օդի եւ ջրի պես անհրաժեշտ է: Երեւանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում ամեն տարի ուսանում է 4-6 ուսանող, եւ նրանցից ոչ մեկը հնարավորություն չի ստանում լսել անգամ իր ավարտական դիպլոմային ստեղծագործությունը: Ակնհայտ է, որ կոմպոզիցիայի ուսումնական պրոցեսի անքակտելի մասը պետք է լինի ստեղծագործությունների կատարումը: Աշխարհի՝ մասնավորապես եվրոպական երկրների երաժշտական բուհերում բոլոր ուսանող կոմպոզիտորները հատուկ դասերի ընթացքում աշխատում են տարբեր գործիքներ նվագող կատարողների հետ՝ իրենց ստացած տեսական գիտելիքները համադրելով լուրջ գործնական գիտելիքների հետ, բացի այդ, ուսանողական տարիներին գրված նրանց բոլոր ստեղծագործությունները հնչում են: Այդ է պատճառը, որ հայաստանցի երիտասարդ կոմպոզիտորների մի մասը ձգտում է կրթություն ստանալ արտասահմանում:
– Հավանաբար այդ նպատակով էլ ընդունվել եք Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիա՝ կոմպոզիցիայի բաժին: Ենթադրում ենք, որ հետագա մասնագիտական կատարելագործումն աշխարհի ամենահեղինակավոր արվեստի բուհերից մեկում նոր հորիզոններ կբացի ձեր ստեղծագործական կյանքում, եւ դուք, որպես պրոֆեսիոնալ երաժիշտ եւ հայ մշակույթի նվիրյալ, ձեր մասնագիտական գիտելիքները նոր թափով ի սպաս կդնեք հայրենի մշակույթի զարգացմանը՝ հայ դասական երաժշտությունն ըստ արժանվույն ներկայացնելով նաեւ միջազգային երաժշտական ասպարեզում:
– Մեծ հաջողությամբ Լոնդոնում հանձնելով ընդունելությանս քննությունները (ներկայացրել եմ ստեղծագործություններիս պարտիտուրները, ձայնագրությունները, երկու երաժշտագիտական աշխատանք, հանձնել եմ երաժշտական բանավոր քննություններ եւ այլն)՝ 2011թ. ընդունվեցի Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիա՝ ստանալով սակավաթիվ տեղերից մեկը՝ որպես կոմպոզիտոր: Սակայն ինձ չհաջողվեց մեկնել ուսանելու՝ ամբողջական կրթաթոշակ չգտնելու պատճառով: Նշեմ, որ Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիան չունի անվճար տեղեր եւ կրթաթոշակ չի տրամադրում արտասահմանցի ուսանողներին: Քննություններս հանձնելու եւ կրթաթոշակ գտնելու համար ես, իրոք, մեծագույն ջանքեր գործադրեցի: Այնքան մեծ էր կատարելագործվելուս եւ ստեղծագործություններս ուսումնական պրոցեսի ընթացքում լսելու ցանկությունս, որ ես 2011-ին կրկին հանձնեցի ընդունելության քննություները եւ երկրորդ անգամ ընդունվեցի Թագավորական երաժշտական ակադեմիա: Ուսումս սկսվում է այս տարվա սեպտեմբերին: Ուսմանս վարձը կազմում է 19800 դոլար, այդ իսկ պատճառով ես դիմել եմ կազմակերպությունների եւ հիմնադրամների, արդեն Հայ բարեգործական ընդհանուր միությունից ստացել եմ 3000 դոլար: Փնտրում եմ աջակիցներ:
Զրուցեց ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ