Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր «Կարմենը» կարճ կլինի եւ առանց ծանր դեկորների

Մարտ 20,2012 13:59

Ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի բեմադրությունը պատրաստ կլինի աշնանը

Համաշխարհային օպերային արվեստի գանձերից ֆրանսիացի կոմպոզիտոր Բիզեի «Կարմենին» Ազգային օպերային թատրոնը առաջին անգամ անդրադարձել է 1940-41թթ.՝ անվանի ռեժիսոր Արմեն Գուլակյանի եւ բեմադրիչ, դիրիժոր Գեորգի Բուդաղյանի բեմադրությամբ: Դրանից հետո 5-6 տարին մեկ թարմացվել է, իսկ նորը 1970-ականների կեսերին իրականացրել են ռեժիսոր Վահագն Բագրատունին եւ դիրիժոր Յուրի Դավթյանը, որը թատրոնի խաղացանկում էր մինչեւ 1980-ականների վերջը: «Կարմենում» գլխավոր դերերգերով փայլել են ինչպես հայ, այնպես էլ հրավիրյալ երգիչները, այդ թվում՝ Տաթեւիկ Սազանդարյանը, Ելենա Օբրազցովան, Իրինա Արխիպովան, Օլգա Գաբայանը, Արսեն Սամվելյանը, Ֆեոդոր Օհանյանը, Վլադիմիր Ատլանտովը, Կարպիս Զոբյանը, Գեղամ Գրիգորյանը:

Օրերս կայացավ «Կարմենի» համերգային կատարումը, ինչին թատերայնություն էր հաղորդել ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը, որի բեմադրությամբ հիշյալ օպերայի առաջնախաղը կայացել էր 2002թ., խաղացանկում մնալով շուրջ 2 տարի: Թատերասեր հանրությունը հավանաբար կարոտել էր սիրված օպերայի եռանդուն, կրակոտ, ռիթմիկ մեղեդուն՝ դահլիճը լեփ-լեցուն էր, ներկա էին նաեւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

«Առավոտը» Արմեն Մելիքսեթյանից նախ հետաքրքրվեց իր «Կարմենի» կարճատեւ կյանքով: Մեր զրուցակիցը դա բացատրեց դեկորների անհարմարավետությամբ (նկարիչ՝ Ռաֆայել Խաչատրյան), մանրամասնելով. «Ժամանակին թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը մտադրված էր «Կարմենը» բեմադրել Միլանի բացօթյա ամֆիթատրոնում եւ հենց այդ նպատակով էլ պատրաստվել էին մասշտաբային դեկորներ: Ինչ-ինչ պատճառներով նախագիծը չկայացավ, իսկ դեկորներն էլ, որոնք հավաքված էին անիվների վրա, հարմար չէին մեր թատրոնի բեմին»: Խոսելով օպերայի կայացած համերգային կատարման մասին՝ պարոն Մելիքսեթյանը նշեց, որ իր համար անակնկալ էին թատրոնի երիտասարդ մեներգիչների բարձրակարգ կատարումները, այդ թվում՝ Ինգա Կարապետյանցի Կարմենը, Սարգիս Աղամալյանի Դոն Խոզեն, Գեւորգ Հակոբյանի Էսկամիլիոն, Նունե Բադալյանի Միքայելան, Հայկ Տիգրանյանի Ցունիգան: «Կարծում եմ՝ հնարավոր եղավ լիարժեք ներկայացնել «Կարմենը» թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի շնորհիվ, ով կանգնած էր այս նախագծի գլխին: Ես ընդամենը օգնել եմ նրան, այս դեպքում ոչ թե կարեւորելով միզանսցենները, այլ երգիչների ու կերպարների հարաբերությունները: Բիզեի կրքոտ երաժշտությունը հանդիսականին հասցնելու գործում անկասկած մեծ էր նվագախմբի (դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան) եւ երգչախմբի (խմբավար՝ Կարեն Սարգսյան) դերը»,-հայտնեց մեր զրուցակիցը:

Կարելի՞ է ենթադրել, թե «Կարմենի» նոր բեմադրությունը հենց ինքն էլ իրականացնելու է: Արմեն Մելիքսեթյանը ասաց, թե օպերային թատրոնի տնօրենի կողմից եղել է առաջարկ, իսկ նկարիչ Ավետիս Բարսեղյանի հետ արդեն սկսել են աշխատանքները. «Ապագա բեմադրության ժամանակ մասշտաբային դեկորներ, բնականաբար, չեն լինի: Կօգտագործվի նաեւ էկրանը: Այս օպերայի երաժշտությունն այնքան դինամիկ է ու շարժուն, որ արտիստներին պետք է հնարավորություն տալ դա արտահայտել ոչ միայն վոկալով, այլեւ խաղով, ինչի համար անհրաժեշտ է ընդարձակ տարածություն»: Իսկ մի շարք թատրոնների օրինակով չե՞ն պատրաստվում «երկարատեւ» «Կարմենը» կրճատել: Ռեժիսորը պատասխանեց. «Ես եւ Կարեն Դուրգարյանը հակված ենք «Կարմենի» 4 գործողությունը դարձնել 2՝ մեկ մեծ ընդմիջումով»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031