Հարցազրույց կենսաբանական գիտությունների դոկտոր Աստղիկ Փեփոյանի հետ
– Ձեր կարծիքով՝ գիտությունն ու գիտնականն այսօր ունե՞ն PR-ի կարիք, եթե այո, ապա ի՞նչ եղանակով դա պետք է իրականացվի:
– PR-ը (Public relations՝ հասարակական հարաբերություններ) կազմակերպությունների եւ հասարակության միջեւ փոխշահավետ հարաբերություններ ապահովող ստրատեգիկ գործընթաց է: Գիտական PR-ի հիմնական նպատակներից է, օրինակ, գիտության արտադրայնացման նպաստումը: Գիտական սեկտորի եւ արտադրություն/ձեռնարկությունների միջեւ կապը, գիտական արդյունքների ինտենսիվ ներդրումն արտադրության մեջ, ցանկալի եւ կարեւոր է ցանկացած երկրի համար: Ինչքան էլ մենք մեզ քննադատում ենք, փաստ է, որ այսօր էլ՝ գիտության եւ գիտնականի համար այս ճգնաժամային պայմաններում անգամ, ՀՀ գիտնականների կողմից հաջողությամբ առաջարկվում են նաեւ կիրառական գիտական հետազոտական նախագծեր, որոնց արդյունքները կարող են ներդրվել արտադրության մեջ, եւ որոնք հետաքրքրում են արտասահմանյան տարբեր կազմակերպությունների: Այս նախագծերից որոշները կհետաքրքրեին նաեւ գործարարներին, եթե ունենայինք ձեւավորված գիտություն-արտադրություն հարաբերություններ, եթե նախ եւ առաջ ունենայինք իսկապես գիտության եւ գիտնականների, պետության համար շահագրգիռ համապատասխան կազմակերպություններ, որոնց գործառույթներն այսօր իրականացնում են ՀՀ ԳԱԱ-ն եւ Գիտության պետական կոմիտեն (ԳՊԿ):
Ընդհանրապես, գիտական PR-ի կարիքը բավականին մեծ է Հայաստանում, քանի որ մենք ունենք՝
1) Գիտության ցածր վարկանիշ: PR-ի գործունեության մի ուղղություն այս դեպքում պետք է ուղղված լինի գիտության նկատմամբ հասարակության բացասական պատկերացումների վերացմանը եւ օբյեկտիվ հիմքերի վրա դրական վերաբերմունքի ստեղծմանը:
2) Քաղաքական էլիտա, որը չի ընդունում, որ գիտությունն ու կրթությունը ՀՀ-ի զարգացման համար գերուղղություններ են: PR-ի նպատակն այս ուղղությամբ պետք է լինի փոխհամաձայնության կնքումը:
3) ՀՀ «գիտության կրիզիս»’ գլխավորապես ֆինանսական տեսանկյունից: PR-ի գործունեության ոլորտներից մեկն այս դեպքում կազմակերպությունների դժվարություններին արձագանքն է:
4) Գիտական կազմակերպությունների ղեկավարները չունեն բավարար գիտելիքներ, որպեսզի իրականացնեն մարքեթինգային գործունեություն: PR-ի միջոցով կարելի է լուծել կազմակերպության որոշ մարքեթինգային թերացումներ:
5) Ձգտում ենք ԵՄ մտնել, ուրեմն պետք է պատրաստ լինենք մեր եւ ԵՄ երկրների գիտահետազոտական ինստիտուտների միջեւ մրցակցությանը: Այստեղ PR-ի գործունեության ոլորտներից մեկը պետք է հանդիսանա մեր գիտության ամրապնդումը…
– Իսկ ինչպիսի՞ն է գիտության արտադրայնացման եւ PR-ի ներկա վիճակը Հայաստանում:
– Այսօր ԳՊԿ-ն կարծես թե փորձ է անում ՀՀ-ում «ստեղծելու» գիտություն- արտադրություն հարաբերություններ: Իրականում հիմնականում գիտություն- արտադրություն հարաբերությունների ձեւավորումը երկրում կախված է հասարակության կողմից գիտության «ընդունման» աստիճանից: Ինչքան բարձր է գիտության վարկը հասարակության մեջ, այնքան ամուր են գիտություն- արտադրություն փոխհարաբերությունները կամ՝ այս հարաբերությունների ձեւավորման համար անհրաժեշտ նախադրյալները:
Իմ կարծիքն այս ուղղությամբ ԳՊԿ գործընթացի վերաբերյալ այն է, որ դա պարզապես ԳՊԿ-ի կողմից նոր խաղ է, իր եւ իր մի քանի «զինակիցների» համար նոր ֆինանսական աղբյուրներ գտնելու միջոց: Համոզված եմ, որ «պետական հովանավորության» արդյունքում կֆինանսավորվեն մի քանի անհայտ կարեւորության ծրագրեր, եւ գործընթացը սրանով էլ կսահմանափակվի: Պետական մակարդակով գիտություն-արտադրություն փոխհարաբերությունը տեւական շարունակական գործընթաց է, այն կոչ չէ՝ «գիտնականներ, գտեք ձեռնարկատերերի, ովքեր Ձեզ կֆինանսավորեն, եթե մենք թողնենք (ստանաք պետական համաձայնություն)»:
ՀՀ-ում օբյեկտիվորեն պետք է բարձրացվի գիտության վարկանիշը: Կարծում եմ՝ հասարակ ժողովրդին էլ, ձեռնարկատերերին էլ իրականում այնքան էլ չեն հետաքրքրում ՅՈՒՆԵՍԿՕ-ի թվային տվյալները կամ «վիրտուալ» գիտությունը: Ժողովուրդն իր կողքին տեսնում է «խղճուկ» գիտնականի կերպարը, նրան անհանգստացնում է օրեցօր աճող սննդի, հիվանդությունների պրոբլեմը: Նրան անվստահություն են ներշնչում դարի գիտական նորարարությունները, օրինակ՝ գենետիկորեն մոդիֆիկացված սնունդ, «վաճառվող սինթետիկ» սննդամթերք եւ այլն: Եթե մարդիկ ընդունում են բժշկին, ուսուցչին, ապա երբեմնի գիր ու գիտություն հարգող, ՀՀ ԳԱԱ-ով հպարտացող ժողովուրդն այսօր չի հասկանում գիտնականների, մանավանդ՝ անընդհատ միմյանց վարկաբեկող գիտնականների անհրաժեշտությունը: Իհարկե, գիտության վարկանիշը կտրուկ կբարձրանա, եւ մենք գիտական PR-ի տեսանկյունից միանգամից կշահենք առաջինից երրորդ կետերը, եթե ընթացիկ գիտական քաղաքականության կամ ավելի պարզ’ ընթացիկ գիտական մոնոպոլիզացիոն քաղաքականության հիման վրա ունենանք, ասենք՝ Նոբելյան մրցանակակիր…ինչն անհավանական է, բայց ինչին կարծես մի քանի ընտրյալ գիտնականների ֆինանսավորման միջոցով ուզում է հասնել մեր Գիտպետկոմը:
– Ձեր կարծիքով՝ ո՞ւմ է ձեռնտու, որ գիտնականները լինեն խղճուկ, գլխիկոր ու միշտ կախյալ:
– Մի քիչ սուր ենք արտահայտվում, բայց ասվածի մեջ խորը ճշմարտություն կա: Գիտնականների խղճուկ եւ գլխիկոր ու միշտ կախյալ վիճակն, իհարկե, ձեռնտու է միայն թույլ եւ անվստահ ղեկավարին: Հետեւենք ԳՊԿ վերջին, բեկումային եւ գիտատեխնիկական գործունեության 2010 թվականի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթին, երբ ԳՊԿ-ն իբր մաքրեց գիտությունը ու թողեց առավել արժանավորներին: Ըստ ԳՊԿ նախագահ պարոն Սամվել Հարությունյանի, այս մրցույթի փորձագիտությունն անցկացվել է հիմք ընդունելով գիտական աշխատանքները: Չեմ ուզում նորից քննարկել՝ մամուլն անպատասխան բավականին անդրադարձել է այս թեմային… Դժվար չէ ֆինանսավորվածների ցուցակից առանձնացնել առանց համապատասխան աշխատանքներով ֆինանսավորվածներին կամ նույն տպագրությունների հիման վրա ԳՊԿ բազմակի ֆինանսավորվողներին, եւ մենք կստանանք ԳՊԿ մեծաքանակ «երախտապարտների» ցուցակը: Նույնը վերաբերում է ԳԱԱ ընտրյալներին: Իմ քննադատություններն ավելի շատ ԳՊԿ մակարդակի են՝’ անիմաստ է անդրադառնալ, քննարկել կամ քննադատել ԳԱԱ գործունությունն ընդհանրապես, քանի որ ԳԱԱ-ն պարզապես անգործ է: Այստեղ սովորաբար զարմանալի աշխուժություն է միայն ընտրությունների ժամանակ:
– Լավ, ի՞նչ անել, որ վերականգնվի գիտության ու գիտնականի նախկին վարկն ու հեղինակությունը:
– Կեղծ գովազդը, ինչն այժմ անիմաստ օգտագործվում է մեր իշխանավորների կողմից՝ գիտնականի վարկը բարձրացնելու համար, կարծում եմ, շատ վտանգավոր է: Պետք է պարզապես ռեալ գիտությամբ եւ գիտական արդյունքներով, նաեւ գիտական PR-ի միջոցով վերականգնել գիտնականի նախկին վարկն ու հեղինակությունը: Իսկ դա կարելի է անել միայն գիտության բնագավառում արմատական փոփոխություններով:
– Ֆեյսբուքում եւ այլ սոցցանցերում քննարկումներ են ընթանում, երիտասարդական նախաձեռնություններ են ստեղծվել, որոնք պահանջում են ավելացնել գիտության ֆինանսավորումը: Ձեր կարծիքով՝ դա կփրկի՞ գիտությունը:
– Ես ծանոթ եմ միայն «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) էջին, եւ ինքս էլ մասնակցում եմ քննարկումներին: Կոնկրետ ինձ այդ էջը հնարավորություն տվեց ավելի «մոտիկից» ծանոթանալ բժշկակենսաբանական գիտությաններից դուրս այլ բնագավառների երիտասարդ եւ հասուն գիտնականներին: Ինչ վերաբերում է ԳՊԿ- ՊԳՖԱ, ԳԱԱ-ՊԳՖԱ համագործակցությանը, սա գոնե ինձ համար անհասկանալի է, քանի որ ՊԳՖԱ-ի գոյությունն ու գործունեությունն արդեն իսկ ցույց է տալիս այս կառույցների թերացումները: ՊԳՖԱ-ի «գործը» իրականում ԳՊԿ-ի եւ ԳԱԱ-ի գործն է:
Ինչ վերաբերում է պահանջվող գումարով գիտնականների ու գիտության փրկությանը, իհարկե՝ դա ծիծաղելի է…
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ