Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե Մաշտոցի, այլ՝ Դեմիրճյան պուրակ

Մարտ 20,2012 13:45

Շուրջ մեկ ամիս է, ինչ Երեւանի կենտրոնում հանրային կանաչ տարածքի սեփականության իրավունքը պաշտպանող քաղաքացիները պայքարում են հասարակական պուրակի փրկության համար: Եվ քաղաքապետարանի պատասխանատուները, եւ ՀՀ ԱԺ պատգամավորները, մտավորականները, բնապահպանները եւ երեւանցիներից շատերը տարբեր անուններով են կոչում պուրակը: Իսկ իրականությունը սա է:

Ճարտարապետ Արմեն Զարյանի նախագծով (1971թ.) մայրաքաղաքի կենտրոնում նախատեսվում էր կառուցել Գլխավոր պողոտա, որը պետք է դառնար հանգստի ինքնատիպ գոտի: Այն սկսվում էր Սարյան փողոցից եւ ձգվում մինչեւ Ալեք Մանուկյան փողոց: Կառուցվեցին պողոտայի երկու հատվածները: Սարյան-Եզնիկ Կողբացի հատվածը, որը լուծված էր ավազաններով եւ շատրվաններով հարուստ պուրակի ձեւով, 1999թ. անվանակոչվեց Կարեն Դեմիրճյան պողոտա (քաղաքապետ՝ Ալբերտ Բազեյան): Այդ մասին է վկայում նաեւ պողոտայի Սարյան-Մաշտոց հատվածում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի դիմաց տեղադրված հուշաքարը, որտեղ այդպես էլ չի տեղադրվում Հայաստանի Ազգային հերոսի արձանը: Տարօրինակ է Դեմիրճյանների ընտանիքի լռությունը: Երկրորդ հատվածը սկսվում է Նալբանդյան փողոցից եւ շարունակում է կոչվել Գլխավոր պողոտա: Ի դեպ, քաղաքապետարանի 2011թ. աշնանը անգլերեն լեզվով հրատարակած հավակնոտ վերնագրով «Երեւան: Պաշտոնական ուղեցույց»-ի երկու քարտեզներում էլ նշված է Կարեն Դեմիրճյան պողոտան, սակայն բացակայում է Գլխավոր պողոտան: Սա՝ ի գիտություն:

Ինչ վերաբերում է պողոտա-պուրակի այդ հատվածին եւ, ընդհանրապես, մայրաքաղաքի կանաչ գոտիների պահպանմանը, ապա ուզում եմ հիշեցնել, թե մեր նախնիները ինչպես են լուծել այդ հարցը: Հայոց արքաները համոզված էին, որ անտառը երկրի համար նույնն է, ինչ հացը՝ մարդ արարածի: Նրանք ծառն անտեղի հատող յուրաքանչյուր անձի՝ անկախ դիրքից ու արյան մաքրությունից, մեկ տարի պահում էին զնդանում: Կալանավորն օգտվում էր աշխարհի բոլոր բարիքներից, սկսած համադամ խորտիկներից՝ վերջացրած հրաբորբ գինիներով: Նրա սեղանից միայն հացն էր բացակայում: Մեկ տարի անց դուրս գալով զնդանից՝ մարդն ապաշխարած էր լինում ավելի քան: Սննդի մեջ հացի բացակայությունը հասցնում էր նրան, գրեթե, կիսամեռ վիճակի: Այսպես է եղել:

Խոսքս ցանկանում եմ ավարտել մեկ տողով՝ ճապոնական պոեզիայից. «Ինձ քարկոծե՛ք, ես այսօր նոր ծաղկած բալենու ճյուղ կոտրեցի»: Այսպես պետք է լինի:

ՀՌԻՓՍԻՄԵ ՍԻՄՈՆՅԱՆ
«Սա մեր երկիրն է, Հայաստան» գրքի հեղինակ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031