Չնայած «Արմավիա» ավիաընկերության եւ «Զվարթնոց» օդանավակայանի միջեւ մարտի 15-ին կնքվել էր համաձայնագիր, որի համաձայն՝ ազգային ավիափոխադրողը պարտավորվել էր 6 ամիսների ընթացքում մարել կուտակած 5 միլիոն 300 հազար դոլար պարտքը, իսկ օդանավակայանն էլ դրա դիմաց պատրաստակամություն էր հայտնել նվազեցնել սպասարկման սակագները, սակայն արդեն մարտի 16-ին «Արմավիան» հայտարարեց, որ օդանավակայանը չի կատարում համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:
Երեկ ավիացիային մոտ կանգնած «Առավոտի» աղբյուրները հայտնեցին, որ այս երկու տնտեսվարողների միջեւ ընթացող բանակցությունները կարծես թե վերջնագծին են հասնում: Կողմերը կրկին պայմանավորվել են, որ «Արմավիան» սահմանված ժամկետում պարտքը մարելու է, իսկ օդանավակայանն էլ մարտի 20-ից սկսած՝ նոր սակագներ է կիրառելու ազգային ավիափոխադրողի համար: Ներկայումս «Արմավիան» ու օդանավակայանը աշխատում են աշխատանքային նորմալ ռեժիմով, եւ բոլոր չվերթները կատարվում են ժամանակին:
Ըստ որոշ տեղեկությունների՝ Ռոսնավիգացիան նույնպես նամակ է ուղարկել «Արմավիային»՝ տեղեկացնելով, որ ընկերության դիմաց որեւէ սահմանակումներ՝ թռիչքների համար, չկան:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ