Լրահոս
Օրվա լրահոսը

Սարյանցի երեխաները գնդակ խաղալու տեղ էլ չունեն

Մարտ 20,2012 13:36

Սարյան 24-26 շենքերի բնակիչները դիմել էին քաղաքապետարան՝ խաղահրապարակի համար, սակայն պարզել են, որ այդ տարածքում մի նոր օբյեկտ է կառուցվելու:

Մայրաքաղաքի բակերը բարեկարգելու, երեխաների համար խաղահրապարակներ կառուցելու քաղաքապետարանի որոշումը, որը քաղաքի բոլոր շրջաններում, կարելի է ասել, բուռն ընթացքի մեջ է, շրջանցել է

Սարյան 24, 24 ա, 24 բ եւ 26 շենքերի բակը: Այս հասցեի բնակիչներն էլ փորձել են իրենց հաշվին բակում խաղահրապարակ կառուցել եւ այդ նախագիծն իրագործելու համար ամիսներ առաջ բանավոր դիմել էին Երեւանի քաղաքապետարան, սակայն պարզել են, որ կաթսայատան տարածքը, որտեղ ծրագրել էին խաղահրապարակը կառուցել, արդեն օտարված է:

Արդեն 2-րդ ամիսն է՝ Սարյան 24/5 հասցեի կաթսայատան տարածքում բուռն շինարարություն է ընթանում, եւ ինչպես կառուցապատողն է բակի բնակիչներին հայտնել, կառուցվելու է հասարակական սպասարկման նշանակության օբյեկտ, իսկ ավելի կոնկրետ՝ ցուցասրահ:

Սակայն բնակիչների համար այդ հատվածում որեւէ նոր շինություն կառուցելը ուղղակի անընդունելի է, քանի որ տարածքը առանց այն էլ խիտ բնակեցված է, անցուդարձի ու մեքենաների կայանատեղի չկա, երեխաների համար էլ անգամ գնդակ գլորելու տեղ չի մնում: Բացի այդ, ըստ բնակիչների՝ նոր շինությունը փակելու է հարակից շենքի 1-2-րդ հարկերի բնակարաններ թափանցող բնական լույսը:

«Առավոտի» հետ զրույցում բնակիչները պատմեցին, որ կառուցապատողի հետ հանդիպել են, նա էլ վստահեցրել է, որ շենքի բարձրությունը չի փակի բնակարանների լույսը. «Բայց մենք ի՞նչ իմանանք՝ ինչ են կառուցելու, ոչ մի նախագիծ ցույց չեն տալիս, միայն բանավոր երդումներ են տալիս, որ բարձր չի լինելու շենքը: Ամռանն օդ չի լինում շնչելու, գեղեցկության սրահի եւ «Բերլոգա» սրճարանի օդափոխիչները մեզ խեղդամահ են անում: Ուրիշ բակերում խաղահրապարակ են կառուցում, նստարաններ են տեղադրում, իսկ մեզ էս մի փոքրիկ տարածքից էլ են զրկում: Փոխանակ քաղաքապետարանը բակը բարեկարգի, եղածն էլ վաճառում է»: Բնակիչներից մեկի՝ Կարինե Գրիգորյանի խոսքերով՝ «Եթե այս կառուցապատողը, որը ծրագրել է ցուցասրահ կառուցել, վաղը որոշի վաճառել իր օբյեկտը, ի՞նչ երաշխիք, որ նոր սեփականատերը այն չի դարձնի ասենք՝ բիլիարդանոց կամ էլ այլ զվարճանքի օբյեկտ»: Այս ամենից առավել բնակիչներին մտահոգում է, որ իրենց երեխաները զրկված են բակում խաղալու իրավունքից ու հաճույքից: Նրանց ներկայացմամբ՝ առանց այն էլ շենք ելումուտ անելու համար ընդամենը մի նեղլիկ փողոց ունեն, որն էլ փակում են նրանց շենքի հարեւանությամբ գտնվող հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակիցների մեքենաները, որոնք կայանում են բնակիչների շենքի դիմաց:

Շինարարությունը կասեցնելու համար տարածքում առկա 3-4 շենքերի մոտ 1000 բնակիչներ ստորագրությամբ դիմել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ խնդրելով բարեկարգել բակը, նստարաններ տեղադրել, իսկ երեխաների համար էլ խաղահրապարակ կառուցել: Վարչապետին ուղղված այս դիմումը մակագրվել է Երեւանի քաղաքապետարան, եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ստորագրությամբ բնակիչներին գրավոր հավաստիացրել են, որ բնակիչների բողոքները հիմնավորված չեն՝ հաշվի առնելով որ. «…Կաթսայատունն օտարվել է Երեւանի համայնքի ավագանու 23.12.2009թ. հ. 55-Ն որոշմամբ սահմանված դրույթներին համապատասխան Երեւան քաղաքի սեփականություն համարվող գույքի օգտագործման տրամադրելու եւ օտարման աճուրդը եւ մրցույթը կազմակերպող եւ անցկացնող հանձնաժողովի միջոցով, որի մասին տեղեկացվել է www.yerevan.am կայքում եւ մամուլում: Կաթսայատունը Երեւանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ օտարվել է Արա Արսենյանին: Միաժամանակ հայտնում եմ, որ սահմանված կարգի համապատասխան՝ Արա Արսենյանին տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք, համաձայնեցվել է հասարակական սպասարկման նշանակության օբյեկտի (գրասենյակ) նախագիծ եւ տրվել շինթույլտվություն»:

Սրան ի պատասխան՝ մեզ հետ զրույցում բնակիչներն ասացին. «Ստացվում է, որ նախկին քաղաքապետն է մեր երեխաներին զրկել խաղահրապարակից»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031