Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ի սկզբանե ոչ թե բանն էր, այլ ՀՀԿ-ն»

Մարտ 20,2012 13:30

ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը ողջունում է Օսկանյանի եւ Ծառուկյանի քննադատությունը

– Արդեն մի քանի օր է՝ հրապարակված է ՀՀԿ մեծամասնական պաշտոնական ցուցակը: Իսկ ՀՀԿ համամասնական ցուցակի դեռեւս առաջին 20 անդամներն են պաշտոնապես հայտնի: Ի՞նչ տպավորություն եք ստանում՝ վերլուծելով այդ ցուցակները:

– Ի՞նչ տպավորություն պետք է ստանամ, եթե ՀՀԿ-ն եղել է մեր հեթանոսական աստվածներից, ապա Աստծո որդուց շատ ավելի առաջ: Փաստորեն, ոչ թե ի սկզբանե բանն է եղել, այլ ՀՀԿ-ն:

– Ինչո՞ւ, ինչպե՞ս:

– 2008 թվականի իր նախընտրական ծրագրում ՀՀԿ-ն հանրության դատին էր հանձնել մտքերի մի բազմազանություն, որը մեկ բառով ես կկոչեմ սոփեստություն: Այդ «հորդացող», սոփեստական մտքերից մեջբերեմ՝ կհասկանաք: «Աստծո կամոք մենք արարվել ենք որպես հայեր: Հետեւապես, մեր եւ Աստծո միջեւ հարատեւ կապն ապահովում է հայ տեսակը հավիտենականացնելու ճանապարհով: Այս ելակետն ունենալով՝ ՀՀԿ-ն մեր պատմության հեթանոսական եւ քրիստոնեական ժամանակահատվածները արժեւորում է ազգայինի առաջնության սկզբունքով». եթե ՀՀԿ-ն արժեւորում է այդ ժամանակահատվածները, ուրեմն ինքն արդեն գոյություն է ունեցել, իսկ եթե արժեւորում է ու բանաձեւում, ուրեմն ՀՀԿ-ի տեսքով է գոյություն ունեցել: Ուրեմն, թույլ տվեք ասել, որ ՀՀԿ-ն աստվածներից եւ Աստծո որդուց առաջ է եղել:

– Գալով մեր օրերին՝ ՀՀԿ մեծամասնական ցուցակում նախապատվությունը, կարծես, տրված է օլիգարխներին եւ «հեղինակություններին», իսկ համամասնական ցուցակում հանրությանը հայտնի եւ հետաքրքիր դեմքեր կան՝ Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան, գեներալ Մանվել Գրիգորյան եւ այլն: Այդ ամենը տպավորություն չի՞ գործում:

– Գիտեք, ոչ մի կերպ չեմ նայում այդ ամենին, որովհետեւ սա նման է մի լաբորատոր փորձի: Առնետների վրա անընդհատ փորձեր են դնում, նոր դեղորայքներ են անընդհատ մշակում քաղաքական դաշտում անընդհատ օգտագործելու համար, ինչն անիմաստ ճանապարհ եմ համարում, քանզի իր իշխանության տարիներին ՀՀԿ-ն ամեն ինչ արեց, որպեսզի մեր երկիրը կործանի: Եթե մեկ առ մեկ քննարկենք անցյալ ընտրություններում Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի որդեգրած ծրագրերը, անգամ քրեորեն հետապնդելի դրույթներ կան՝ ինչպես ՀՀ, այնպես էլ միջազգային տեսանկյունից, որոնք ես պատրաստվում եմ վիճարկել դատարանում:

– Ինչի՞ մասին է խոսքը:

– Նախագահ Սարգսյանի նախընտրական ծրագրի 6-րդ դրույթը, որ ստացել է ՀՀԿ քաղխորհրդի հավանությունը եւ արդեն չորս տարի կյանքի է կոչվում, ամրագրում է. «Ցանկացած հայ ընտանիքի համար կրթությունը եւ գիտելիքը կլինեն ամենամեծ պահանջարկ վայելող արժեքները»: Մինչդեռ ՀՀ-ում բնակվում են ռուսներ, հույներ. 22 ազգերի ներկայացուցիչներ: Ո՞ր ղեկավարն է, որը համարձակվում է 21-րդ դարում նման ծրագրային դրույթով հանդես գալ: Ի՞նչ է, մնացյալ ազգային փոքրամասնությունների համար կրթությունը եւ գիտելիքն ամենամեծ պահանջարկ վայելող արժեքները չե՞ն արդյոք: Սրանից նացիոնալիզմի հոտ է փչում, որը նույնիսկ զզվելի է ընթերցել: Նման բաներ իրագործվում էին Հարավաֆրիկյան Հանրապետությունում Ապարտեիդի տարիներին, բայց, համենայնդեպս, նախագահների ծրագրում չէր ամրագրվում, ինչը կատարվեց ՀՀ-ում: Միգուցե հենց ա՞յս դրույթը նկատի ունենալով վերջերս ԱՄՆ կոնգրեսականներից մեկն ասաց, որ մնացածները պետք է Սերժ Սարգսյանից օրինակ վերցնեն:

Իսկ գիտեք՝ ինչո՞ւ է սա գրվել: Որովհետեւ ոչ Սերժ Սարգսյանն է սա ընթերցել, ոչ իր համախոհները, որովհետեւ գիտեն, որ ի սկզբանե այս ամեն ինչը սուտ է: Ահա մեր իրականությունը: Իսկ դուք ասում եք՝ ցուցակ, ինչ-որ անուններ, որ այնտեղ կան գրված… ՀՀԿ-ն ազգակործան գործունեություն ծավալեց Հայաստանում: Ընդունելով աղքատությունը 12,3 տոկոս՝ այսօր վիճակագրական տվյալներով՝ 38, իսկ իրականում 70 տոկոս աղքատություն է: Ծայրագույն աղքատները 25 տոկոս են: Իսկ նրանք, կներեք նման համեմատության համար, մարդիկ են, որ քուջուջ են անում աղբանոցներում: ՀՀԿ-ն ինչ ցուցակ էլ հրապարակի՝ մարդը գիտի, որ ինքն օրեցօր ավելի վատ է ապրում սրանց իշխանության պայմաններում: Սրանք նորից ամեն ինչ անելու են, որ վերարտադրվեն, եւ այս պարագայում, երբ ԱՄՆ դեսպանը հայտարարություններ է անում Հրազդանի ընտրությունների մասին՝ չխորանալով նյութի մեջ, ստացվում է, որ այլ երկրների դիվանագետների ձեռքերով գայլին գառան դիմակ են հագցնում՝ հետագայում ժողովրդի վրա շպրտելու համար:

Սերժի 2008-ի նախընտրական ծրագրում այլ «արժեքավոր» դրույթներ էլ կան. «Հայկական ընտանիքների եկամուտներն առնվազն կկրկնապատկվեն»:

Էլ չեմ ասում խոստացած այն կենսաթոշակային բարեփոխումների մասին, որոնք պետք է քաղաքացու համար արժանապատիվ կյանք ապահովեն: ՀՀ տարածքում մոտ 530 հազար թոշակառու կա: Ես դիմում եմ նրանց. եթե կես միլիոն մարդուց մեկը գա եւ ասի՝ պարոն Եղիազարյան, ինչպես չեք ամաչում, վերջին չորս տարվա ընթացքում «կենսաթոշակային բարեփոխումների» արդյունքում ես այժմ ապրում եմ Սերժ Սարգսյանի խոստացած արժանապատիվ կյանքով, ես ներողություն կխնդրեմ Սերժ Սարգսյանից ու ամբողջ ՀՀԿ-ից: Ավելին, կքարոզեմ, որ ՀՀԿ-ին ձայն տան:

Այս ամբողջ սարկազմն ու ծաղրանքը 14 կետից է բաղկացած:

– Շաբաթ օրը կայացած ԲՀԿ համագումարում էլ քննադատության պակաս չկար, նույնիսկ տպավորություն էր, որ ընդդիմադիր կուսակցության համագումար է: ՀԱԿ-ում ոգեւորվա՞ծ են ԲՀԿ-ի այդ կեցվածքից, քանի որ սկզբունքորեն դեմ չէին ԲՀԿ-ի հետ քաղաքական համագործակցությանը:

– Ես իմ անունից եմ ասում՝ պատրաստ եմ Լյուցիֆերի հետ պայմանագիր կնքել, եթե ազգս, ՀՀ քաղաքացին արդյունքում դուրս կգա այս իրավիճակից: Լյուցիֆերը ոչ մի անգամ նման տմարդի քայլեր չի անի: Իսկ Վարդան Օսկանյանի ելույթը ողջունում եմ, ինչքան էլ, որպես մարդ, վատ տրամադրված լինեմ իր անձի նկատմամբ, որովհետեւ այդ ելույթում տեսա արտահայտություններ եւ ձեւակերպումներ, որոնք ես էլ նույնությամբ կանեի:

– Օսկանյանը 10 տարի իշխանության էր…

– Որպեսզի ներկայիս տձեւությունը կարողանանք ինչ-որ մի ձեւի մեջ բերել ու արդարացնել անտրամաբանական ու անմարդկային քայլերը, մի ձեւ ունենք՝ այս ամենի ոտքերն անցյալից են գալիս: Միշտ հայացքով հին իշխանությանն ենք ետ դառնում: Ի՞նչ էական է, թե երբ է Օսկանյանն աշխատել: Այսօր մարդն ասում է՝ եկեք կանգնենք, ուղղենք: Ես Օսկանյանի փաստաբանը չեմ, բայց երբ Օսկանյանը նախարար էր, ՀՀ-ում աղքատության շեմը 11,7 տոկոս էր: Արարատ Զուրաբյանն իրենց համագումարում ասաց՝ մարտի 1, Օսկանյան եւ այլն: Հասկանալով, որ Օսկանյանը, որպես արտգործնախարար, չէր կարող այդքան ներգրավված լինել, բայց մարտի 1-ի մեղավորները, այդ թվում՝ նաեւ Օսկանյանը, եթե մեղավոր է, միանշանակ պետք է պատասխան տան: Բայց ինչ վերաբերում է ելույթին, այո, ողջունում եմ, որովհետեւ այնտեղ նստած էր Սերժ Սարգսյանը եւ դիմահար լսեց այն, ինչը որ մարդիկ մտածում են իր մասին: Բայց չեմ ողջունում, որ Օսկանյանի եւ Գագիկ Ծառուկյանի ելույթներից հետո մարդիկ ձեւափոխվեն ու այլ թղթեր ստորագրեն՝ նոր եղբայրության, կոալիցիայի, ինչը, ցավոք, չեմ բացառում: Վերջում խոնարհաբար տիրոջը լսելը մեր քաղաքական իրականության բաղկացուցիչն է:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031