Վերջին օրերին սկսեցին հրապարակվել խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների ցուցակները: Չկա բնության մեջ այնպիսի ցուցակ, որից գոհ լինեն տվյալ քաղաքական ուժի բոլոր համակիրները: Անպայման կգտնվի մեկը կամ մի քանիսը, որոնք տվյալ ընտրազանգվածի այս կամ այն հատվածի համար անընդունելի կլինեն: Ավելին՝ չկա աշխարհում որեւէ նման ցուցակ, որի դասավորությունից գոհ լինեն այդ ցուցակում ընդգրկվածները: Մանավանդ՝ հայերի պարագայում, որտեղ անհատները, մանավանդ նրանք, ովքեր առնչվում են «բարձր քաղաքականությանը», չափազանցված պատկերացում ունեն իրենց արժանիքների եւ ծառայությունների մասին: Այս դեպքերում պարտադիր կլինեն «աբիժնիկներ», որոնք, իհարկե, չեն ասի, թե նեղացել են ցուցակում «իրենց հարիր» տեղը չզբաղեցնելու համար, այլ կհայտարարեն, որ խորը գաղափարական տարաձայնություններ ունեն առաջին 3-5 տեղերը զբաղեցնողների հետ:
Որպես քաղաքացի եւ ընտրող՝ ես դժգոհ եմ առայսօր հրապարակված բոլոր ցուցակներից: Իհարկե, իդեալական մարդիկ չկան, եւ եթե նույնիսկ կան, նրանք չեն ուզում դառնալ ՀՀ ԱԺ պատգամավոր: Բայց խոսքը անձնական հատկանիշների մասին չէ: Գեներալ Մանվելը (ՀՀԿ) եւ Գագիկ Ջհանգիրյանը (ՀԱԿ) տարբեր անհատներ են եւ ունեն նաեւ դրական դրսեւորումներ՝ մեկը պատերազմի հերոս է, մյուսը՝ բարձրակարգ իրավաբան: Նրանց եւ բազմաթիվ այլ «ցուցակային մարդկանց» միավորում է հետեւյալը. նրանք քաղաքական եւ հասարակական խնդիրները ուժային մեթոդներով լուծելու կողմնակիցներ են (ինչը, բնականաբար, հրապարակավ չեն խոստովանում): Նրանք 90-ականների կեսերից ակտիվորեն մասնակցել են այն համակարգի կերտմանը, որի ժամանակ տնտեսական եւ քաղաքական «վերելակները» ծառայում են ոչ թե առավել խելացի եւ արժանի մարդկանց, այլ տգետներին ու զոռբաներին, եւ ամենացավալին այն է, որ այդ «խաղի կանոններն» ընդունում է հասարակության մեծ մասը, նաեւ՝ երիտասարդները:
Իսկ եթե «ուժային մեթոդները» հասկանանք ավելի լայն՝ ոչ միայն որպես բռնություններ եւ բիրտ ֆիզիկական ուժի կիրառում, ապա պետք է արձանագրել, որ ցուցակներում կան բազմաթիվ մարդիկ, որոնք ցանկանում են իրենց ուզածին հասնել բարոյական պրեսինգի, շանտաժի միջոցով: Օրինակ՝ իբր ուզում են ժողովրդավարություն հաստատել, բայց անում են դա հակաժողովրդավարական մեթոդներով: Կամ՝ իբր պաշտպանում են քրիստոնեական արժեքները, բայց՝ առանց քրիստոնեական հեզության ու պարկեշտության: Այդպիսիները կարծում են, թե ժողովրդավարության եւ քրիստոնեության մենաշնորհ ունեն, եւ իրենք են դրանց միակ քուրմերը: Սա էլ «ուժային մեթոդի» մասնավոր դրսեւորումն է, ավելին՝ բռնությունների հոգեբանական եւ գաղափարախոսության հիմքը:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ