Մարտի 17-ի պլենումում Հայաստանի կոմունիստական կուսակցության բյուրոն հաստատել է ՀԿԿ համամասնական ցուցակը: Հիշեցնենք, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը եւ Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասնական ցուցակով: Կոմունիստները մոտ 60 հոգանոց ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, երկրորդ տեղում է ՀԱԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Վազգեն Սաֆարյանը, երրորդ տեղում՝ ՀԿԿ քաղկոմի քարտուղար Տաճատ Սարգսյանը, չորրորդը՝ Լենինականի ԿԿ քարտուղարը, հինգերորդը՝ ՀԿԿ ԿԿ երիտթեւի ղեկավարը:
Aravot.am-ի հետ զրույցում ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը տեղեկացրեց, որ այսօր ամփոփվելու են հանգանակության արդյունքները: Հիշեցնենք, որ ընտրագրավը վճարելու համար կոմունիստները հանգանակության առաջարկով դիմել էին իրենց համախոհներին: Վաղը-մյուս օրն արդեն, երբ ի մի բերվեն բոլոր փաստաթղթերը, ՀԿԿ-ն իր համամասնական ցուցակը կներկայացնի ԿԸՀ: Մեծամասնական ընտրակարգով այս երկու կուսակցություններից առաջադրումներ չեն լինի: Մեր հարցին՝ չե՞ք վախենում օլիգարխների, մականունավորների եւ քրեական հեղինակությունների հետ պայքարի մեջ մտնելուց, Ռուբեն Թովմասյանը պատասխանեց. «Ես ոչ մի բանից չեմ վախենում: Ժողովուրդն էլ արդեն զզվել է դրանցից: Ես ասում եմ՝ բերելու եմ ձեզ անվճար կրթություն, առողջապահություն, սոցիալական արդարություն…սրանցից ես ինչի՞ պիտի վախենամ: Թող վախենան այն մարդիկ, ովքեր գռփել են ու դիզել»:
Թովմասյանը նաեւ պարտվելուց չի վախենում. «Մարդ որ մտնում է պայքարի մեջ, պետք է մտածի, որ պարտվել էլ կա, իսկ եթե չես մտնում պայքարի մեջ, ի սկզբանե ես պարտվում»:
Կարդացեք նաև
ՀԱԿԿ ԿԿ առաջին քարտուղար Վազգեն Սաֆարյանի կարծիքով, կոմունիստներն անպայման հաջողություն են գրանցելու այս ընտրություններում, այլապես՝ չէին մասնակցի դրանց: Իսկ թե ի՞նչ է հուսադրում, որ հաջողություն են գրանցելու, ընկեր Սաֆարյանը նկատեց. «Այն, որ երկրում սոցիալական լարվածություն կա, գործազրկություն, արտագաղթ: Խնդիրներ, որոնց մասին ԱԺ–ում բարձրաձայնումները քիչ են եւ անհետեւողական: Ես կարծում եմ, որ կոմկուսի անցած 70 տարիների ճանապարհը, աշխատատեղերի ապահովման, բուժսպասարկման, կրթական համակարգերի, այսինքն, անցյալի իրողությունները եւ դրանց որոշ հիմնադրույթների վերականգնման համար մղած մեր հետեւողական գործունեությունը ժողովուրդը պետք է արժանվույնս ընկալի եւ ձայն տա: Մենք այն ուժն ենք, որ կարող ենք սոցիալական արդարության խնդիրները բարձրաձայնել ԱԺ–ում եւ հետամուտ լինել դրանց լուծման համար»: Վազգեն Սաֆարյանը նաեւ ասում է, որ իրենց մասնակցությամբ այս ընտրություններին, փորձելու են «ժողովրդի մեջ ներարկել քաղաքական կուլտուրա», որպեսզի այլեւս տեղի չտան եւ տուրք չտան ամեն տեսակի հեղինակություններին ու նրանց մատուցած «րոպեական ծառայություններին», ազատ կողմնորոշվելու իրենց իրավունքը պաշտպանեն: Կոմունիստները քարոզելու են մնայուն արժեքներ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ