Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ) մեղադրող Հարություն Հարությունյանը հանդես եկավ մեղադրական ճառով: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի համար նա միջնորդեց 4 տարվա ազատազրկում, մեղմացուցիչ հանգամանք համարելով այն, որ նախկինում արատավորված չի եղել, ունի անչափահաս երեխա, բազմիցս խրախուսվել է: Մեղադրողը պահանջեց կալանքը թողնել անփոփոխ եւ այն հաշվել անցյալ տարվա մարտի 24-ից:
Հովհաննես Թամամյանի գործով ամբաստանյալներ՝ հատկապես կարեւորագույն գործերով քննիչ Վահան Խանզադյանի եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ պետի տեղակալ Արմեն Պողոսյանի համար դատախազը միջնորդեց 2,5 տարի ազատազրկում՝ 2 տարի զրկելով պետական պաշտոններում աշխատելու իրավունքից, սակայն նա նաեւ միջնորդեց պայմանականորեն պատիժը չկիրառել, սահմանելով 2 տարի փորձաշրջան, ապա ազատել դատարանի դահլիճից:
Վերջին երկուսի պաշտպաններ Ռուզաննա Սիրունյանը եւ Արայիկ Ալվանդյանն իրենց պաշտպանական ճառերում դատարանից խնդրեցին հաշվի առնել իրենց պաշտպանյալների՝ նախկինում արատավորված չլինելը, դրական բնութագրերը եւ միջնորդեցին առավել մեղմ պատիժ կիրառել: Մասնավորապես՝ Արայիկ Ալվանդյանը միջնորդեց փորձաշրջանի ժամանակահատվածը կարճացնել, ինչը, ըստ նրա, բխում էր արդարադատության շահերից:
Ակնհայտ ցնցվեցին Հովհաննես Թամամյանի պաշտպանները՝ Վաղինակ Գեւորգյանը, Արտավազդ Փարսադանյանը եւ հենց ինքը՝ Հովհաննես Թամամյանը: Վաղարշակ Գեւորգյանը խնդրեց 3 օր ժամանակ, ասելով. «Ասելիք եւ հիմնավորելու փաստարկներ ունեմ եւ չեմ կարող հանպատրաստից ճառ ասել»: Դատարանը հարգեց պաշտպանի միջնորդությունը եւ դատական նիստը նշանակեց մարտի 23-ին:
Կարդացեք նաև
Այն, որ արագացված դատաքննությունը ինչ-որ առումով ձեռնտու էր պաշտպանական կողմին, «ավելորդ գլախացավանքից» խուսափելու համար, այսօր հակառակն ապացուցեց: Հովհաննես Թամամյանին երբ հարցրինք, թե արդյոք համաձա՞յ ն է պատժաչափի հետ, նա հորդորեց մեզ «զինվել համբերությամբ»: Իսկ ահա նրա պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը չէր սպասում նման պատժաչափի եւ ասաց՝ «Ինձ հետ հավասար դուք էլ եք մոլորվել: Եթե դատախազը ձգեր՝ կարար 6 տարի էլ տար, եթե ոչ տուգանք Թամամյանի նկատմամբ կիրառել, ապա էլ ո՞ւմ, նրա անցած ուղին ո՞վ ունի, ինչի՞ համար 4 տարի: Թամամյանը պիտի ազատվեր»:
Իսկ մեղադրող Հարություն Հարությունյանը լայն ժպիտով հեռացավ դատարանի դահլիճից:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ