Լրահոս
Օրվա լրահոսը

«Էնպես չի, որ բոլորս առողջ ենք». Ռ. Զոհրաբյանը` Արման Մուշեղյանի եւ Գագիկ Բեգլարյանի տարբերության մասին

Մարտ 20,2012 12:56

«Այս տարվա ցուցակը տարբերվում է նախկին ընտրությունների ցուցակներից: Այս անգամ մենք ընդգրկել ենք բավականին մեծ անձերի անուններ բոլոր ոլորտներից` սկսած առողջապահությունից, վերջացրած մշակույթով, նույնիսկ մարտական գործողությունների մասնակցած մեր հայտնի մարդկանցով: Մեր հասարակության բոլոր շերտերի գունապնակն ենք ներկայացրել: Այն անձինք, որոնք ընդգրկվել են` 100 անգամ հաշվարկ ենք արել»,- այսօր «Հենարան» ակումբում ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն այսպես ներկայացրեց ՀՀԿ համամասնական ցուցակը: Լրագրողների դիտարկմանը, որ ԽՍՀՄ-ում էլ էին այդպես անում, կոլտնտեսությունից էին մարդկանց վերցնում` գյուղացիներ, որ ներկայացուցչական լիներ, բայց ԱԺ-ն օրենսդրական տեղ է չէ՞` Ռ. Զոհրաբյանը պատասխանեց. «Ես էլ այն ժամանակ իսկապես քննադատում էի իշխանություններին, ովքեր համագումարներում ներկայացնում էին կթվորուհիների, գյուղատնտեսների եւ այլն: Բնականաբար, այդ ժամանակներն անցել են, բայց հասարակությունն ինքը մասնակցում է ընտրություններին եւ ցանկացած հասարակականքաղաքական ուժ այդ ցուցակը ներկայացնում է աշխարհին, ոչ միայն Հայաստանին: Բնականաբար, այդքանը չեն լինի ԱԺում: Դուք ասում եք կոճակ սեղմող, պե՞տք է այդ կոճակը սեղմվի, որ օրենքն ընդունվի: Ես ամբիոններից, օրինակ ելույթ չեմ ունենում, չի կարելի ինձ ասել կնոպկա սեղմող միայն, ասուլիսներ եմ տալիս»:

Aravot.am-ի հարցին` ի տարբերություն ՀՀԿ ցուցակի 10-րդ տեղում ընդգրկված Գագիկ Բեգլարյանի, «Ժառանգության» ցուցակի 10-րդ տեղում հաշմանդամություն ունեցող, սայլակով տեղաշարժվող Արման Մուշեղյանն է, ձեր ցուցակում հասարակության այդ շերտը ներկայացվա՞ծ է` Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց. «Դե, ճիշտն ասած, եթե ինձ հաշվեք հաշմանդամ, որովհետեւ սրտի վիրահատություն եմ տարել, ապա ես ցուցակում եմ գտնվում: Խնդիր չկա, էնպես չի, որ բոլորս առողջ ենք»:

Քաղաքագիտական վերլուծություններ կան, որ ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանի եւ Վարդան Օսկանյանի քննադատական ելույթներն ուղղված էին հենց ՀՀԿ-ին: Այս դիտարկմանը Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց, որ իրենք իշխանության մաս են կազմում, պատասխանաու են ամբողջ գործընթացների համար. «Սա ես համարում եմ ինքնաքննադատություն: Մենք նույնպես ինքնաքննադատություն արեցինք, մենք ուզում ենք վերափոխվել, ուզում ենք հավատանք, որ փոխվենք: Այստեղ պետք չի որոնել հակասություններ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031