Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության, Կենտրոնականի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել «Ալեն-Էլեն» ժամանցային կենտրոնում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի փաստով:
Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալները իրացնելիս դեպքից մի քանի ժամ անց` լուսաբացին, հայտնաբերել և ոստիկանություն բերման են ենթարկել Ավան վարչական շրջանի բնակիչ, 29-ամյա Վարդան Դեմիրճյանին:
Վերջինս կասկածվում է այն բանում, որ ցանկացել էր մուտք գործել «Ալեն-Էլեն», սակայն ակումբի անվտանգության աշխատակիցները արգելել են նրան մտնել ներս, որից հետո նա իր մոտ եղած նռնակը նետել է ներս, ինչի հետևանքով առաջացել է պայթյուն և հրդեհ:
Ներսում գտնվող քաղաքացիներին օգնություն են ցուցաբերել փրկարարները:
Կենտրոնականի քննչական բաժնի քննիչի որոշմամբ Վ. Դեմիրճյանը ձերբակալվել է, իսկ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34 (հանցափորձը) 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ (սպանությունը, անձի կամ նրա մերձավորի, կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելը, կրելը) հատկանիշներով:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, և քիչ առաջ Վ. Դեմիրճյանը տեղափոխվեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:
Քիչ առաջ պարզ դարձավ, որ այս քրեական գործը Կենտրոնի քննչական բաժնից տեղափոխվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարույթ: