«Այսօր կհրապարակվի Հայաստանի Դեմոկրատական կուսակցության համամասնական ցուցակը»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա հավելեց, որ արդեն երկու անգամ քննարկել են ցուցակը և այսօրվա քննարկումից հետո այն կբերվի վերջնական տեսքի: Դեմոկրատական կուսակցության ցուցակը բաղկացած կլինի հավանաբար 45 անձից, ըստ Ա. Սարգսյանի՝ տարատեսակ տեղեկանքներ ներկայացնելու առումով եթե չլինեին տեխնիկական խնդիրներ, այն բաղկացած կլիներ 60 հոգուց:
Aravot.am-ը պարոն Սարգսյանին խնդրեց բացել փակագծերը և ներկայացնել որոշ անձանց, ովքեր ընդգրկվել են կուսակցության համամասնական ցուցակում: Համամասնական ցուցակը կգլխավորի Արամ Սարգսյանը, 2-րդ հորիզոնականում է ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, համամասնական ցուցակում ընդգրկված է նաև Ասորիների ֆեդերացիայի նախագահ Ելենա Գասպարյանը, Հարավկովկասյան երկաթգծերից Ռոբերտ Եփրեմյանը, «Ավանգարդ» թերթի գլխավոր խմբագիր Ջուլիետա Մարտիրոսյանը:
Aravot.am-ի այն հարցին՝ ինչո՞ւ որևէ կուսակցության կամ դաշինքի հետ չմիավորվեցին, քանի որ այս ընտրություններում կարծես նորաձև է դարձել միավորվելը, պարոն Սարգսյանն այսպես պատասխանեց. «Մենք միավորվել ենք անկուսակցական մտավորականների հետ: Առաջարկել էինք գաղափարական առումով մեզ մոտ ուժերին մեզ հետ միավորվել, սակայն տարբեր պատճառներով դա տեղի չունեցավ: Մյուս կողմից էլ, մենք ինքնանպատակ չենք դարձրել որևէ կուսակցության հետ միավորվելը, կամ այն, որ մեր կուսակցության անդամները դառնան պատգամավորներ»:
Կարդացեք նաև
Խոսելով համամասնական ցուցակում կանանց ներգրավվածության մասին՝ Ա. Սարգսյանն ասաց. «Դեռ մի բան էլ ավել են, գերազանցում են բոլոր պահանջներին: Հիմա մենք խնդիր ունենք՝ ոնց անենք, որ տղամարդիկ չնեղանան»:
Քանի որ արդեն հայտնի է ՀՀԿ համամասնական ցուցակը, Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք պարոն Սարգսյանի տպավորությամբ դա ՀՀԿ-ին վայե՞լ ցուցակ է, ինչպես հայտարարել էին ՀՀԿ-ական որոշ գործիչներ: Ա. Սարգսյանը գերադասեց մեկնաբանություններ չանել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ