Հատված ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդվարդ Շարմազանովի հարցազրույցից:
-Ինչպե՞ս եղավ, որ ձեր գործընկերներից շատերը, որոնք նախորդ տարիներին զբաղվել են ակտիվ օրենսդրական աշխատանքով, չեն հայտնվել ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին 7 տասնյակում։
-2007թ. ես 65-րդ տեղում էի եւ ընտրվել եմ պատգամավոր։ Հանրապետականը այն քաղաքական ուժը չէ, որ 5 տոկոսանոց արգելքը հաղթահարելու համար է կռիվ տալու։ ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը հավակնում է լուրջ մեծամասնության, եւ Ազգային ժողովում մեծամասնություն կազմելու դեպքում ձեր նշած անձինք կլինեն խորհրդարանում։
-Իսկ որքանո՞վ տրամաբանական է, որ երկու օր առաջ ՀՀԿ-ին անդամագրված մարդիկ հայտնվել են ցուցակի «պրեստիժային» տեղերում։
-ՀՀԿ-ն իր անդամներին չի բաժանում հների ու նորերի։ Այսինքն՝ կապ չունի, ով երբ է դարձել ՀՀԿ անդամ։ Սկզբունքը եղել է այն, որ ցուցակում ընդգրկվեն մարդիկ, որոնք ավելի արդյունավետ կաշխատեն։ Եվ մեր բոլոր պատգամավորները, որոնք այսօր աշխատում են, եւ լավ են աշխատում, շատ մեծ շանսեր ունեն ներկայացված լինելու հաջորդ խորհրդարանում։
-Կուսակցության ներսում դժգոհություն չկա՞, որ Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանը եւ Խոսրով Հարությունյանը ընդգրկվել են ցուցակի բարձր հորիզոնականներում։
-Առաջին անգամ չէ, որ ՀՀԿ-ն իր նախընտրական ցուցակում ընդգրկում է անկուսակցականների կամ այլ կուսակցությունների ներկայացուցիչների։ Հանրապետական կուսակցությունը գնում է այն մարդկանցով, ովքեր կարող են իրականացնել բարեփոխումներ։
-Համաձա՞յն եք, որ այս ընտրություններում ձեր հիմնական մրցակիցը ԲՀԿ-ն է։
-Մենք, ի տարբերություն շատ քաղաքական ուժերի, առաջնորդվում ենք ոչ թե «ընդդեմ», այլ «հանուն» գաղափարախոսությամբ, եւ պատրաստ ենք ազատ մրցակցել բոլոր քաղաքական ուժերի հետ՝ տարբերություն չենք դնում, չենք ուզում առանձնացնել այս կամ այն քաղաքական ուժին, այդ թվում՝ նաեւ «Բարգավաճ Հայաստանին»։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Հայոց աշխարհ»