Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին “Հայակը” շնորհվեց լավագույններին

Մարտ 20,2012 12:21

Մարտի 18-ին` Ալ.Սպենդիարյանի անվան  ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում, ամփոփվեցին Ազգային կինոյի “Հայակ” առաջին մրցանակաբաշխության արդյունքները: Առաջին “Հայակները” շնորհվեցին հետանկախության շրջանում ստեղծված հայկական լավագույն ֆիլմերին եւ  դրանց հեղինակներին:

Ազգային կինոմրցանակաբաշխության հիմնադիրներն են Ազգային կինոյի զարգացման հիմնադրամը, «OrangeԱրմենիա» ընկերությունը եւ  Հայաստանի ազգային կինոկենտրոնը:  Մրցույթի ժյուրին գլխավորում էր ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:
Հայկական կինոյում ունեցած  ավանդի համար “Հայակ” մրցանակ շնորհվեց Արտավազդ Փելեշյանին, Սոս Սարգսյանին, Լեւոն Աթոյանցին, Արման Մանարյանին եւ Ալբերտ Մկրտչյանին: Հատուկ մրցանակ տրվեց «Orange» ընկերությանը:

«Լավագույն դեբյուտ» անվանակարգում մրցանակ ստացավ  Հովհաննես Գալստյանը («Խճճված զուգահեռներ»): «Լավագույն անիմացիոն ֆիլմ» ճանաչվեց Գայանե Մարտիրոսյանի «Տարաշխարհիկները»,  «Լավագույն վավերագրական ֆիլմ»` Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերից»-ը: «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ»  անվանակարգում մրցանակը շնորհվեց Գագիկ Հարությունյանին` «Յարխուշտայի» համար, իսկ «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում` Յուրի Հարությունյանին («Որտե՞ղ էիր, մարդ աստծո»): «Լավագույն նկարիչ» անվանակարգում մրցանակը շնորհվեց  Վարդան Սեդրակյանին:

«Լավագույն դերասան» ճանաչվեց Միքայել Պողոսյանը ( «Երեւան ջան» ), իսկ «Լավագույն դերասանուհի»` Աննա Էլբակյանը ( «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» ): «Լավագույն սցենարիստ» անվանակարգում մրցանակը շնորհվեց  «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» ֆիլմի սցենարի հեղինակներին` Առնոլդ Աղաբաբովին եւ Զորայր Խալափյանին: «Լավագույն օպերատոր» անվանակարգում մրցանակը տրվեց Վահագն Տեր-Հակոբյանին («Վավերագրողը»), իսկ «Լավագույն  ռեժիսոր» ճանաչվեց Հարություն Խաչատրյանը («Սահման»): Ժյուրին «Լավագույն խաղարկային ֆիլմն» անվանակարգում մրցանակը  շնորհեց Վիգեն Չալդրանյանին («Ձայն բարբառոյ»):

«Երջանիկ ենք աջակցել և մասնակցել Հայկական ազգային կինոյի մրցանակաբաշխության` “Հայակի” ստեղծմանն ու կայացմանը: Կարծում և հավատում ենք, որ ավելի քան ութ տասնամյակի պատմություն ունեցող հայկական կինոն, որն իր ուրույն տեղն է զբաղեցրել համաշխարհային կինոյի պատմության էջերում, և որը դժվար ժամանակաշրջանից հետո այսօր արդեն վերածնվում է, պետք է գնահատվի ու մեծարվի ըստ արժանվույն: Orange-ը սերտորեն կապված է կինոյի հետ ոչ միայն Հայաստանում. մեր ընկերությունն արդեն ավելի քան տասը տարի Կաննի միջազգային կինոփառատոնի և արդեն վեց տարի` բրիտանական BAFTA-ի պաշտոնական գործընկերն է:
Հուսով ենք, որ այն կդառնա ոչ միայն ամենամյա մրցանակաբաշխություն, ուր կմեծարվեն հայ կինոյի մեծ վարպետները, այլ նաև թույլ կտա վեր հանել ու հասարակության լայն շերտերին հասցնել դեռևս չբացահայտված հայկական նոր կինոն»,- ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031