Երբ կրկեսում աճպարարը շլյապայի մեջ է դնում, ասենք, երկու հատ վարունգ, ապա ինչ-որ անհեթեթ բառեր ասում եւ ձեռքը մտցնում շլյապայի մեջ, ենթադրվում է, որ հիմա շլյապայից կամ ճագար կհանի, կամ գոնե աղավնիներ: Սերժ Սարգսյանի մոտ այդպես չստացվեց: ՀՀԿ համամասնական ցուցակը հրապարակվեց, եւ պարզվեց, որ համագումարում նրա արտասանած «աբրակադաբրան» իզուր էր՝ շլյապայի մեջ նույն վարունգներն են: Մի խոսքով՝ ֆոկուսը չստացվեց: Չէ, արտաքինից ՀՀԿ ցուցակն, իհարկե, «բարեշրջվել է». այն համենայն դեպս մի մեծ առավելություն ունի՝ Սաշիկ Սարգսյանը չկա:
Բայց մյուս կողմից էլ՝ ցուցակում են այնպիսի ականավոր ինտելեկտուալներ, ինչպիսիք են Լիսկան, Շմայսը, Նովոն, գեներալ Մանվելը եւ այլն, ինչպես նաեւ քաղաքական սկզբունքայնության այնպիսի առաջամարտիկներ, ինչպիսիք են Արտաշես Գեղամյանն ու Խոսրով Հարությունյանը: Ընդ որում՝ առայժմ դեռ միայն ցուցակի առաջին 76 անուններն են հայտնի:
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
«Չորրորդ ինքնիշխանություն»