ՀՀ վերահսկիչ պալատը երեկ հրապարակել է անցած տարվա երրորդ եռամսյակում մի շարք պետական մարմիններում եւ տեղական ինքնակառավարման կառույցներում անցկացված ստուգումների արդյունքները։
Կոտայքի մարզի վերաբերյալ հրապարակվել է 2 հաշվետվություն. մեկում առանձին բաժնով ներկայացված են Աբովյանի քաղաքապետարանում անցկացված ստուգումների արդյունքները: Աբովյանի քաղաքապետն, ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարո Գուլոյանն է։ ԸստՎՊ-ի, ստուգվել է քաղաքապետարանի իրականացրած շինարարության եւ հիմնանորոգման մի մասը՝ 187 մլն 481 հազար դրամի ծրագրերը, արձանագրվել է 26 մլն 131 հազարի խախտում։ Դրանից 3 մլն 850 հազար դրամը եղել է հավելագրում, իսկ 22 մլն 281 հազարինը՝ անորակ աշխատանք։
Նշված է, որ Աբովյանի թիվ 12 մանկապարտեզի տանիքի վերակառուցման աշխատանքներն իրականացվել են օգտագործված փայտանյութով, իսկ երկաթբետոնե գոտու բետոնի մակնիշը ցածր է եղել պահանջվող նախագծային մակնիշից, ինչը կարող է վտանգել շենքի ամրությունը, իսկ «Բարեկամության» հրապարակում դեկորատիվ ջրավազանի խճով պատրաստվող անցուղիների շերտի հաստությունը նախագծով պետք է լիներ 10 սմ, բայց՝ 5 է։ Ըստ ՎՊ հաշվետվության՝ «Աբովյան քաղաքի եւ Սարալանջի փողոցների ընտրանքային կարգով չափագրումներով եւ տեղային բացումներով պարզվել է, որ «Բալահովիտ 1» ՍՊԸ կողմից 2009-2011թթ. ընթացքում Աբովյանի քաղաքապետարանի հեւո կնքված պայմանագրերով ասֆալտապատ տարածքների փոսային նորոգումները կատարվել են անորակ»։
ՀՀ ՎՊ-ն ստուգումներ է արել նաեւ ՀՀ առողջապահության նախարարությունում, որի նախարարը ԲՀԿ-ական Հարություն Քուշկյանն է: ԱՆ-ին հատկացված պետբյուջեի միջոցների օգտագործման ստուգումների արդյունքներով ՀՀ ՎՊ-ն արձանագրել է բազմաթիվ խախտումներ, եւ եզրակացության 1-ին կետում ներկայացված 124 մլն 965 հազ. դրամի խախտման դեպք, որն, ըստ ՎՊ-ի, ենթակա է վերադարձման պետբյուջե։ «Պետական սեփականության կառավարման եւ օգտագործման մասով» բաժնի 1- ին կետում էլ նշված է. «,2006– 2007թթ. ՀՀ պետբյուջեի միջոցներով ձեռք բերված սարքավորումները ՀՀ ԱՆ կողմից վարձակալության է տրվել ՀՀ կառավարության թիվ 125 որոշմամբ սահմանված նվազագույն վարձավճարից պակաս գումարով։ Արդյունքում պետբյուջե պակաս է գանձվել 698.5 հազ. դրամ վարձավճար (604.9 հազ. դրամ «Նաիրի» բժշկական կենտրոն ՓԲԸ-ից եւ 93.6 հազ. դրամ «Պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ԳԿ» ՓԲԸ-ից)»։
Կարդացեք նաև
2 հաշվետվություններ էլ առնչվում են ՀՀ աշխատանքի եւ սոցապ նախարարությանը, որի նախարարը ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանն է։ Եզրակացությունում թվարկված է 21 կետ խախտում։ Նշենք 2-ը. արձանագրվել է ընտանեկան նպաստի վճարման խախտման 3 հազար 23 դեպք, որոնց արդյունքում պետբյուջեի միջոցներից ծախսվել է 239 մլն 990 հազար դրամ։ Սոցծառայության տարածքային 18 բաժիններում իրականացված ստուգումներով հայտնաբերվել է տարբեր բնույթի 581 խախտման դեպք, որոնց արդյունքում պետբյուջեին պատճառվել է 1149 մլն 576 հազար դրամի վնաս։ Այս գումարից 70 մլն 785 հազարը, ըստ ՎՊ-ի, ենթակա է վերականգման։
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը մեզ ասաց, որ ՎՊ-ի հրապարակած հաշվետվությունների աոնչությամբ չեն կարող որեւէ մեկնաբանություն տալ, քանի դեռ չեն ուսումնասիրվել։
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
«Հայկական ժամանակ»