Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է ասում ու թաքցնում ՀՀԿ-ի ցուցակը

Մարտ 20,2012 11:15

Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը լակմուսի թղթի նման արտացոլում է այսօրվա հասարակական-քաղաքական գրեթե ողջ ներկապնակն ու գույները, առաջնայնությունները, շարժման ընդհանուր միտումները: Այս ցուցակից կարելի է մի քանի որոշակի եզրահանգումներ կատարել:

Նախ՝ այն արտացոլում է կուսակցության՝ ոչ թե իշխանության գալու, այլ որպես իշխանություն, ամեն գնով վերարտադրվելու ձգտումը։ Դրանց տարբերությունը գործադրելիք մեթոդների մեջ է։ Ցուցակում մեծամասնություն են կազմում այն շրջանակները, որոնք ավանդաբար իրենց վրա են վերցրել ընտրակեղծիքների իրականացման եւ դրանցից մաքուր ձեռքերով դուրս գալու պատասխանատվությունը։ Այլ պատասխան չունի այն հարցը, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս կարող են պաշտոնյային անհարիր վարքի համար պաշտոնազրկված նախկին քաղաքապետը, բացառապես իրենց օդիոզ, սկանդալային պահվածքով աչքի ընկած քաղաքապետն ու մարզպետը, գեներալը հայտնվել մի կուսակցության ցուցակում, որը հպարտանում է մոտ 150 հազար անդամ ունենալու հանգամանքով։

Սա առավելապես նոմենկլատուրային ցուցակ է, որտեղ հիմնական շեշտադրումները կատարված են գործող կառավարման համակարգում ունեցած առանցքային դերակատարների վրա։ Ինչ-որ տեղ սա բնական կարելի է համարել, որովհետեւ այսպես թե այնպես ՀՀԿ-ն իշխող ուժ է։ Սակայն մյուս կողմից՝ սա ցույց է տալիս, որ կուսակցությունը հաջորդ հնգամյակում հիմնականում ապավինելու է նույն մարդկանց, նույն կադրային ռեսուրսներին, այսինքն՝ ՀՀԿ-ից կառավարման մշակութային, որակական լուրջ փոփոխություններ սպասել պետք չէ: Ցուցակի նոմենկլատուրային բնույթը հուշում է, որ առաջին պլանում կրկին լինելու է համակարգի, այլ ոչ թե հանրային շահը։ Ըստ էության՝ «փոխելու» խնդիր դրած կուսակցությունը ներքին, բովանդակային փոփոխության անհրաժեշտություն չի տեսնում, ինչը հասարակական-քաղաքական կյանքի, կառավարման համակարգի լճացման առաջին նախապայմանն է։

Ցուցակում կան նոր անուններ։ Դրանք երկու հիմնական կատեգորիայի են բաժանվում։ Մի մասը այսպես կոչված՝ հանրային հատվածի ներկայացուցիչներն են՝ հիմնականում գիտական, լրագրողական եւ մշակութային ոլորտներից։ Նրանք, սակայն, որակ չեն կազմում եւ ակնհայտ է, որ համամասնական ցուցակով եւ մեծամասնական ընտրակարգով խորհրդարան անցած հանրապետականների շրջանակում կազմելու են փոքրամասնություն։ Ու չնայած ակնհայտ է, որ հենց նրանց վրա է ընկնելու կուսակցության դեմքը հրապարակավ պահելու գերխնդիրը, սակայն ՀՀԿ խմբակցությունը մնալու է կոճակ սեղմողների մեծամասնության գերին։ Այս շրջանակները երկընտրանքի առջեւ են կանգնելու. կամ կխառնվեն պղտոր ջրերին ու կշարժվեն հոսանքին համընթաց՝ փորձելով գոնե իրենց համար դիվիդենտներ շահել, կամ կընդդիմանան, ինչը կտանի ներքին ինքնամեկուսացման։ Որովհետեւ ուղղակի անհնար է պատկերացնել ինչպես են, օրինակ, Շուշան Պետրոսյանը կամ Ռադիկ Մարտիրոսյանը քաղաքական լուրջ հարցերի շուրջ քննարկումներ ունենում գեներալ Մանվելի, Վարդան Ղուկասյանի եւ նման շատ-շատերի հետ։

Երկրորդ կատեգորիան քաղաքական այն դիակները, մարգինալներն են, որոնք բարեհաջող տեղ են զբաղեցրել կուսակցության անցողիկ համարների

տակ։ Ո՞րն է նրանց խորհրդարան բերելու իմաստը՝ առայժմ մինչեւ վերջ պարզ չէ։ Եթե նրանց մտավոր կարողություններն են նկատի առնվել, ապա ինչու էր նախագահը ՀՀԿ-ի համագումարում հպարտորեն պնդում, թե միայն ՀՀԿ-ն ունի բավարար ռեսուրսներ՝ բարեփոխումներ կատարելու համար։ Եթե այսպիսով նախագահը փորձում է քաղաքական յուրօրինակ ալյանս ձեւավորել իր շուրջը նախագահական ընտրություններին ընդառաջ, ապա արդյոք իրենց կատարելապես սպառած քաղաքական գործիչները դրա համար ամենահարմար տարբերակն են։ Փաստը մնում է փաստ, որ նրանց խորհրդարան բերելով՝ ՀՀԿ-ն փորձում է վերականգնել այն ցեխը, որը քաղաքական դաշտում սռկա էր մինչեւ 2008–09թթ.:

ՀՀԿ-ի այս ցուցակը վկայում է, որ հնաբնակ հանրապետականները կամ այսպես կոչված կուսակցության գաղափարական հատվածը ոչ միայն սկսել է փոքրամասնություն կազմել, այլեւ առհասարակ դարձել է մարգինալ սեփական «տանը» ու ոչ մի ազդեցություն այլեւս ո՛չ կուսակցության ներսում, ո՛չ էլ առավել եւս խորհրդարանում ունենալ չի կարողանալու։ Այս միտումները նկատելի դարձան Անդրանիկ Մարգարյանի մահվանից անմիջասյես հետո, դեռեւս 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Բայց ներկայումս սա ոչ թե միտում է, այլ արձանագրվող փաստ։ Այս կոնտինգենտը վերջնականապես դուրս է մղվում ասպարեզից:

Գեւորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031