Հարցազրույց ռեփեր M’Tiko-ի հետ
– Ռեփը, երաժշտական ուղղություն լինելուց զատ, առաջին հերթին կենսաձև է: Հաճախ է հնչում այն կարծիքը, որ չկա հայկական ռեփ, պարզապես գոյություն ունի ռեփ հայոց լեզվով, քանի որ հայ հասարակության մեջ ռեփըմ, որպես կենսաձև, ձևավորված չէ: Դու ի՞նչպես ես վերաբերվում այս տեսակետին:
-Իհարկե, ռեփ կենսաձևը ձևավորվել է ամերիկյան սևամորթների մոտ, սակայն դա չի նշանակում, որ սևամորթներից բացի` մյուս ռասսաների ներկայացուցիչները չեն կարող այս կենսաձը վարել: Հայկական ռեփ միանշանակ գոյություն ունի, քանի որ որակյալ ռեփ-արտադրանք ներկայացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ապրել համապատասխան ձևով, իսկ հայկական ռեփն անշուշտ ապահովում է այդ որակը:
– Ըստ քեզ` ի՞նչը երբեք չի կարելի ներմուծել ռեփ-ինդուստրիա:
-Ինձ համար անընդունելի է, երբ ստեղծագործությունների, մասնավորապես` տեքստի հեղինակը ռեփերն ինքը չէ, այլ նրա փոխարեն գրում են: Դա իսկապես անմտություն է, քանի որ ռեփերը պետք է ունենա ասելիք, հետևաբար ինքն էլ պետք է երաժշտական այս ժանրի միջոցով արտահայտի այն:
– Ռեփը ըմբոստ, հաճախ նաև ագրեսիվ երաժշտական ժանր է, որտեղ հաճախ են հանդես գալիս քննադատական դիրքերից: Քո երգացանկում կա՞ն արդյոք երգեր նմանատիպ տրամադրություններով:
–Կան: Դրանցից մի մասում քննադատությունները նեղ անձնական բնույթ են կրում, մյուսներում շոշափվում են ավելի լայն զանգվածներին հուզող հարցեր, հասարակական խնդիրներ:
– Այս ոլորտում սիրված և ինքնահաստատված լինելու համար արդյո՞ք բավական է միայն ռեփ կարդալու տեխնիկային տիրապետելը:
-Բնակնաբար գոյություն ունեն բազմաթիվ այլ չափանիշներ ռեփում հաջողության հասնելու համար, սակայն ռեփ կարդալու տեխնիկային տիրապետելն ամենակարևոր և անհրաժեշտ նախապայմանն է: Ըստ իս` կարևոր է նաև, որ ռեփ երգիչն ունենա իր յուրօրինակ ոճը: Երրորդ կարևոր չափանիշներից մեկն ինձ համար երգերի բովանդակությունն է, որը միշտ պետք է համապատասխանի այն լսարանի պահանջներին, ում համար ռեփերը ծավալում է իր ստեղծագործական գործունեությունը:
–Համառոտ կներկայացնե՞ս «Urishnews» նախագծի իրականացման ճանապարհը, և ու՞մն էր այդ գաղափարը:
–Լուրերը ռեփի միջոցով մատուցելու գաղափարը ծագել է դեռևս ԱՄՆ-ում անցյալ դարի կեսերին: Այսօր էլ Գերմանիայի, ԱՄՆ-ի մի շարք հեռուստալիքների լրատվական հաղորդումներում տեղեկատվությունը մատուցվում է հանգավորված տեքստի միջոցով: «Urish production»-ը պարզապես ադապտացրել է այս նախագիծը: Սակայն մեր նպատակը ոչ թե թարմ տեղեկատվություն մատակարարելն է` մարդկանց հետաքրքրասիրությունը բավարարելու համար, այլ պարզապես օրվա լրահոսը օրիգինալ կերպով մատուցելն է ռեփ երաժշտությունը սիրող և գնահատող մարդկանց համար:
-Ռեփում ո՞վ է հանդիսանում քո իդեալը, և ի՞նչ ես դու սովորել նրանից:
–Իդեալներ չունեմ ռեփում: Սակայն կան մի քանիսը, ում գործունեությունը, որպես ռեփե,ր ինձ դուր է գալիս, մասնավորապես ռուսական ռեփի ներկայացուցիչներից կարող եմ նշել Fuze-ի, Nas-ի, Guf-ի, Slimi-ի անունները: Նրանց շնորհիվ ես հասկացել եմ, որ ռեփում առաջին հերթին պետք է շեշտը դնել բովանդակալից տեքստի վրա, հետո միայն երգի մեղեդայնության: Սա ռեփի կարևորագույն ժանրային սկզբունքներից է, որը երբեք չպետք է խախտել:
-Փետրվարի 12-ին լույս տեսավ քո առաջին` «Փոշոտ աթոռ» ձայնասկավառակը: Ի՞նչ բովանդակություն ունեն CD-ն կազմող երգերը, և ի՞նչ տրամաբանությամբ ես ընտրել ձայնասկավառակի անվանումը:
-Նախ ասեմ, որ ձայնասկավառակը կազմված է 18 երգերից, որտեղ ես ներկայացրել եմ իմ անձնական տեսակետները լայն զանգվածներին`փորձելով առավելագույնս համապատասխանեցնել դրանք իմ լսարանի տրամադրությանը: Չնայած դրանք իմ անձնական կյանքի մասին են, սակայն յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն հարազատ մի բան կամ ծանոթ իրավիճակ: Իսկ «Փոշոտ աթոռ» վերնագիրը ձայնասկավառակի երգերից մեկի անունն է:
-Լսարանիդ սահմաններն ընդլայնելու համար ի՞նչ նոր նախագծեր են սպասվում:
–«Փոշոտ աթոռ» և «Ոտքեր, աչքեր, սիրտ» երգերի հիման վրա արդեն նկարահանվել են տեսահոլովակներ. Իսկ փետրվարի 12-ին տեղի ունեցավ առաջին ձայնասկավառակիս շնորհանդեսը: Այս ամենից հետո շարունակելու եմ աշխատել նույն տեմպերով` իմ լսարանին նոր աննախադեպ և յուրօրինակ նախագծեր, ինչպես նաև` համագործակցություններ ներկայացնելու համար:
Հարցաղրույցը վարեց Նանե Մանասյանը