Այսօր` մարտի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.40-ի սահմաններում Իսակովի պողոտայում` Ոստիկանական ակադեմիայի դիմաց, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 12 ՍՏ 777 համարանիշի ավտոմեքենան, որը վարում էր 25-ամյա Արփինե Գևորգյանը, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Հարվածի արդյունքում հետիոտնը, ով փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար չնախատեսված վայրում, հարվածի ուժից շպրտվել է հանդիպակաց գոտի:
Վրաերթի ենթարկած երիտասարդ աղջիկը վթարի վայրից փախուստի չի դիմել:
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի աշխատակիցները` գումարտակի հրամանատար Եղիշ Ենգիբարյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը` քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ Դավիթ Կարապետյանի գլխավորությամբ:
Այս պահին ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական միջոցառումներ` պարզելու համար վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանը:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ ոստիկանությունը պարզել է մահացածի ինքնությունը. նա Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ, 59-ամյա Ռուբիկ Մուրադյանն էր: