Գեղեցիկ և երիտասարդ երևալու հիմնական պայմաններից մեկն էլ մազերի գույնն է: Քանի դեռ սպիտակ մազերը չեն հայտնվել և գուժել վաղաժամ ծերության մասին, թվում է` մազերի արհեստական ներկերի օգնության կարիքը չի զգացվում: Բայց սա հարցի միայն մի կողմն է, քանի որ կանայք իրենց մազերը ներկում են ոչ միայն սպիտակելու դեպքում:
«Իմ մազերի բնական գույնը սև է, բայց քանի որ արդեն հոգնել էի միակերպությունից, նույն գույնից, որոշեցի փոխել և բաց շագանակագույն ներկել»,-ասում է 19-ամյա Արևիկը: Իսկ 20-ամյա Անին չի էլ պատկերացնում, որ մի օր կարող է մազերի գույնը փոխել. «Ես չեմ սիրում, երբ երիտասարդ աղջիկները ներկում են մազերը, հրաժարվում իրենց բնական գույնից: Գտնում եմ, որ մանավանդ երիտասարդ աղջիկներին ավելի շատ սազում է իրենց մազերի բնական գույնը, ինքս երբեք չեմ ներկի, մինչև սպիտակ մազեր չհայտնվեն»:
Շատ կանանց համար մազերի գույնը փոխելը պարզապես հաճույք է: Իսկ պարզելու համար, թե արդյոք շատերի համար հաճելի այդ գործընթացը թողնում է վնասակար ազդեցություն, խոսեցինք բժիշկ-կոսմետոլոգ Ալինա Ավագյանի հետ: «Իհարկե, վնասակար ազդեցություն ունենում է: Այդ ազդեցության աստիճանը առաջին հերթին կախված է նրանից, թե ներկի բաղադրության մեջ ինչ նյութեր են մտնում. լինում է, երբ կինը օգտագործում է ներկը, այնուհետև սկսվում է դեմքին կարմիր ցան հայտնվել, իսկ դա ներկի մեջ պարունակվող քիմիական վնասակար նյութերի ներգործության արդյունք է»,-պարզաբանում է կոսմետոլոգը: Իսկ այն հարցին, թե կոնկրետ ինչ նյութերի առկայությունն է առաջացնում ալերգիա, պատասխանում է. «Հստակ չեմ կարող ասել, քանի որ տարբեր մարդկանց մոտ այն տարբեր դրսևորում կարող է ունենալ: Մեկի մոտ կարող է ալերգիա առաջացնել ներկի բաղադրության մեջ մտնող մի նյութը, իսկ մյուսի մոտ` մեկ այլ բաղադրիչը, այդ պատճառով էլ չենք կարող ասել, թե այդ ներկը ալերգիա է առաջացնում և չի կարելի օգտագործել»: Նույն հարցի շուրջ խոսեցինք նաև ոճաբան-վարսահարդար Լաուրա Մազմանյանի հետ: Տիկին Լաուրայի խոսքով՝ կարելի խուսափել մազերը ներկելու հետևանքով առաջացող բարդություններից, եթե ամեն ինչ կատարվի պրոֆեսիոնալ և ճիշտ կերպով. «Մազերը ներկելուց հետո պետք է անպայման ճիշտ ժամանակին լվանալ, երկար չթողնել, այլապես գլխամաշկը կվնասվի, կառաջանա մազաթափություն, ինչպես նաև գլխացավ»:
«Իմ մազերը բնականից ունեին սև գույն, բայց քանի որ ուզում էի բաց գույնի ներկել, մի երկու անգամ գունաթափել եմ, դրա արդյունքում ուժեղ մազաթափություն սկսվեց, խիտ և փարթամ մազերիցս բան չի մնացել, շատ եմ փոշմանել: Հիմա նոր եմ հասկանում, որ չպետք է դիմել արհեստական միջոցներին, ի վերջո բնությունը ամենաներդաշնակ տարբերակն է ընտրում»,-ասում է 30- ամյա Սյուզին: Իսկ 50-ամյա Սուսաննան, ով մազերը ներկելու 15 տարվա փորձ ունի, խորհուրդ է տալիս նույնիսկ սպիտակ մազեր հայտնվելու դեպքում խուսափել ներկ օգտագործելուց. «Երբ առաջին անգամ սկսեցի մազերս ներկել, դեռ նոր էր մի քանի սպիտակ մազ հայտնվել: Բայց աստիճանաբար ես զգացի, որ ներկելուց հետո ավելի շատացավ, ներկը խթանեց սպիտակ մազերի շատացմանը, իսկ հիմա կարծես կախվածություն է առաջացել, առանց ներկելու չեմ կարողանում»:
Ի՞նչ անել սպիտակ մազերը քողարկելու համար, միաժամանակ չվնասելով առողջությունը: Բժիշկ-կոսմետոլոգ Ալինա Ավագյանի խոսքով՝ լավագույն տարբերակը բնական միջոցներից օգտվելն է. «Խորհուրդ կտամ օգտագործել հինա, այն շատ օգտակար է. և մազերի գույնն է փոխում, և նպաստում է մազաթափության վերացմանը: Հինայով ներկված մազերը ստանում են ոչ միայն հաճելի երանգ, այլև փայլ ու ամրություն, ինչպես նաև` հինան խթանում է մազերի աճն ու թեփի վերացումը»: Իսկ վարսահարդար Լաուրա Մազմանյանը խորհուրդ է տալիս մազերը ներկել ամիսը մեկ անգամ, ոչ ավելի շուտ, իսկ ներկելու դեպքում օգտագործել որակյալ ներկ:
Անի Գյոզալյան
Հ.Գ.Գիտնականները պարզել են, որ մազերի հաճախակի ներկումը կարող է միզապարկի և արյան քաղցկեղի առաջացման պատճառ հանդիսանալ: