Aravot.am-ը քիչ առաջ Երեւանի Արաբկիր համայնքի թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի իր թեկնածությունն առաջադրելու մտադրություն ունեցող նախկին քաղբանտարկյալ, ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանից հետաքրքրվեց՝ արդյոք առաջադրվելու եւ հենց այս ընտրատարածքում իր թեկնածությունը դնելու որոշումն ուժի մե՞ջ է, թե՞ ոչ, եւ իրեն այդ ընտրատարածքում որեւէ ուժ սատարելո՞ւ է: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում ՀԱԿ-ի կողմից առաջադրվելու է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, «Ժառանգության» կողմից առաջադրվելու է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ինչպես նաեւ «168 ժամ» օրաթերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, որին կարող է պաշտպանել «Ազատ դեմոկրատները»:
Ի պատասխան մեր հարցին, Սուրեն Սիրունյանն ասաց, թե թիվ 4-ում առաջադրվելու մտադրությունը հաստատ է եւ ուժի մեջ է, ինչ վերաբերում է քաղաքական որեւէ ուժի կողմից աջակցությանը, ապա հայտարարեց՝ «ինձ որեւէ քաղաքական ուժի աջակցությունը պետք չի»: