Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Ո՞ւմ կսատարեն «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները»՝ Զարուհի Փոստանջյանի՞ն, թե՞ Սաթիկ Սեյրանյանին

Մարտ 19,2012 21:19

Կիրակի օրը «Ժառանգություն» կուսակցության հրապարակած մեծամասնական ցուցակի համաձայն,  մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը մեծամասնական ընտրակարգով առաջադրելու է 8 թեկնածու, որոնցից մեկը՝ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը,    կառաջադրվի մայրաքաղաքի Արաբկիր համայնքի թիվ 4-րդ ընտրատարածքում: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում են ՀՀԿ-ն առաջադրել է SAS խանութների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանին, ԲՀԿ-ն՝ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանին է աջակցելու, ՀԱԿ-ը՝ Արամ Մանուկյանին, քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվելու մտադրություն են հայտնել նաեւ նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանն ու «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, որին, թերեւս, աջակցելու է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Համենայնդեպս, պատեհ առիթով «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում Սեյրանյանն ասել էր՝ «Ես առաջադրվելու եմ որպես անկուսակցական, սակայն գաղափարական առումով ինձ մոտ են «Ազատ դեմոկրատները»: Այդ կուսակցությունը կաջակցի ինձ»:

Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանից փորձեց պարզել, թե ինչպե՞ս է պատահել, որ միասնական ցուցակով առաջիկա ընտրություններին  մասնակցող երկու կուսակցությունները մասնավորապես թիվ 4 ընտրատարածքում, ըստ էության, մրցակցելու են իրար հետ, եւ  հնարավո՞ր է արդյոք, որ այս մասով երկու կուսակցությունները վերանայեն այս ընտրատարածքի հետ կապված իրենց մտադրությունները:

«Ես կարծում եմ, երբ մենք մեր համամասնական ցուցակը համաձայնեցնում էինք, «Ազատ դեմոկրատների»  մեր գործընկերները տեղյակ էին նաեւ մեր մեծամասնական առաջադրումների մասին:  Վստահ եմ, որ բանակցությունների ընթացքում դրա մասին խոսվել է եւ, անշուշտ, տեղյակ պահվել է, որ «Ժառանգությունն» իր կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրելու է իր այս-այս անդամներին:  Բայց եթե հարկ լինի եւս մեկ անգամ քննարկել՝ իհարկե,  դա չեմ բացառում»,- ասաց Սաֆարյանը:

Հնարավո՞ր է, որ մեծամասնական մյուս ընտրատարածքներում եւս այսպիսի մրցակցություն ծավալվի, արդյոք «Ժառանգությունը» տեղյակ է իր գործընկեր կուսակցության մտադրություններին: «Ես վստահ եմ, որ ազատ դեմոկրատները թեկնածու չունեն: Եթե ունենային՝ դա եւս համաձայնեցված կլիներ»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: Մեր ճշտող հարցին՝ ազատ դեմոկրատները մեծամասնականով ընդհանրապե՞ս թեկնածուներ չեն առաջադրելու՝ «Ժառանգության» ներկայացուցիչն արձագանքեց.  «Եթե ունենային՝ համաձայնեցված կլիներ: Ես այդպես եմ հասկանում: Ես ոչ թե տեղեկություն ունեմ, այլ այդպես եմ հասկանում, որովհետեւ ամեն ինչ՝ բոլոր խաղաքաևտերը, նախապես բաց են եղել երկու կողմերից էլ՝ թե ով եւ ինչ ռեսուրս է ներդնում»:

Ինչ վերաբերում է մասնավորապես Սաթիկ Սեյրանյանի առաջադրմանը, որին, ենթադրաբար սատարելու են ազատ դեմոկրատները, ապա Ստեփան Սաֆարյանի մատուցմամբ՝ ինքը տեղյակ է Սեյրանյանի այն հայտարարությանը, թե՝ դեմ չէր լինի, եթե քաղաքական ուժերը, առավել եւս ազատ դեմոկրատներն իրեն սատարեին: «Ավելին ինձ հայտնի չէ»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031