Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Հակոբյան. «Իմ կյանքում Րաֆֆի Հովհաննիսյանը փակ դուռ էր» (Տեսանյութ)

Մարտ 19,2012 19:27

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Կարինե Հակոբյանը, ընդգծելով, որ ցուցակի համար շատ վիրավորված է, այնուամենայնիվ, վստահեցրեց, որ «Ժառանգության» դեմ երբեք չի աշխատի: Իսկ վիրավորվելու շատ բան կա: Այս տարիների ընթացքում, պարզվում է, եղել են բազմաթիվ տարաձայնություններ իր եւ «Ժառանգության» ֆրակցիայի որոշումների միջեւ՝ սկսած ղարաբաղյան հարցից մինչեւ շատ մանր խնդիրներ: Պարզվում է՝ Կարինե Հակոբյանը դեմ է եղել նաեւ «Ժառանգության» եւ «ՀՅԴ»-ի՝ 100% համամասնական ընտրակարգի անցնելու նախաձեռնությանը. «Տարբեր հարցերի շուրջ միշտ մոտեցումների տարբերություն է եղել՝ ե՛ւ օրենսդրական, ե՛ւ կրթություն, ե՛ւ քաղաքականություն: Անգամ Արցախի հարցում: Ես գտնում եմ, որ արցախյան հարցը Հայկական հարցի համատեքստում պետք է նայել, ոչ թե եւ..կամ: Կամ միացում, կամ անկախացում: Միացումը երբեք կամ-ով չի կարելի գրել ծրագրի մեջ »:

Մոտ 1,5 ամիս առաջ՝ հունվարին, Կարինե Հակոբյանն ասուլիսում հայտարարել էր, որ ԿԸՀ-ն չպետք է ընդունի ԲՀԿ հայտը, որից հետո կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հերքման տեքստ էր ուղարկել: Դա, ըստ Կարինե Հակոբյանի, տարաձայնություններից մեկն է. «Այդպիսի հերքման տեքստ տալու առիթը չկար: Կոնտեքստից հանված մի նախադասություն էր: Ես նախագահին էի քննադատել եւ ասել էի՝ նախագահի խոսքը եւ գործը չեն համապատասխանում: Եթե նա ասում է՝ գործարարներ պիտի չլինեն, դե թող չլինեն»:

Մինչ «Ժառանգության» պաշտոնական ցուցակը հայտնի կդառնար, hayeli.am կայքում արդեն հրապարակվել էր ցուցակը եւ այն դժգոհությունները, որ եղել են վարչության նիստի ժամանակ: Մեր հարցին՝ այդ ինֆորմացիայի հետեւում դո՞ւք եք կանգնած՝ հերքեց. «Ինձ որ զանգահարեցին, ես ինքս զարմացա, ասեցի՝ որտեղի՞ց եք տեղեկացել»:

Վերջում մենք հետաքրքրվեցինք՝ «Ժառանգության» եւ Ձեր հարաբերությունները վերջնականապես փչացե՞լ են, թե՞ դեռ կամուրջ կա, Կարինե Հակոբյանը պատասխանեց. «Ես լավով եմ բաժանվում: Բացարձակ մեր հարաբերությունները չեն փչացել: Ես բաժանվում եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին հարգելով, մենք շատ մտերիմ ենք ընտանիքներով»: Մեր հարցին՝ այդ դեպքում չե՞ք փորձել մինչ ասուլիսի գալը խոսել պարոն Հովհաննիսյանի հետ, դժգոհությունները նրան հայտնել՝ նա պատասխանեց. «Փորձել եմ: Իմ հեռանալու պատճառներից մեկն այն է, որ ես զգացի, որ չեմ կարողանում իմ դիրքորոշումը պնդել: Ինձ համար, իմ կյանքում Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն փակ դուռ էր»:

Իսկ թե «Ժառանգության» ցուցակում որ տեղն է սպասել իր համար տիկին Հակոբյանը՝ նա կոնկրետ չնշեց՝ ասելով, որ «Կհավատա՞ք, կոնկրետ տեղ չեմ մտածել, ուղղակի բնական տրամաբանական ներկայություն այն մարդկանց, ովքեր կուսակցությունը ներկայացրել են այսքան ժամանակ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031