Այսօր Aravot.am-ը ԱԺ գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ իր անունը չկա ՀՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին 76 անունների մեջ, մի՞թե նա այլևս չի ուզում շարունակել իր պատգամավորական աշխատանքը: Նշենք, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում կան ինչպես Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանի, այնպես էլ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունները. Գիզիրյանը 66-րդ տեղում է` Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ու Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի արանքում, իսկ Գյումրու քաղաքապետը` 71-րդ հորիզոնականում է` Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանից առաջ: Այս երկու բարձրաստիճան պաշտոնյաներից բացի, Շիրակի մարզը ներկայացնող այլ անուններ չկան: «Ես չգիտեմ, դուք ինչ ցուցակ եք ընթերցել, բայց իմ անունը կա, և ես չեմ հրաժարվում պատգամավոր լինելուց: 250 հոգանոց ցուցակ է, մինչև վերջ կհրապարակվի ու այդ ժամանակ իմ անունը կտեսնեք»,-ասաց Սուքիաս Ավետիսյանը:
Իսկ ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀԿ-ական պատգամավորը մարզպետի ու քաղաքապետի պատգամավորացու լինելու փաստը, ինչո՞ւ են նրանց գցել ցուցակի վերջին տեղերում: «Վերջին ու առաջին չկա, ամեն մարդ իր տեղում է», – կարճ կապեց Սուքիաս Ավետիսյանը`ՀՀԿ-ի ցուցակին անուն դնողներին էլ խորհուրդ տալով ` համբերել, ցուցակը մինչև վերջ ընթերցել ու նոր միայն եզրահանգումներ անել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ