ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ ԲՀԿ 6-րդ համագումարի՝ քննարկման թեմա դարձած ելույթներին ու ասաց, որ ոչ կոռեկտ ձեւակերպումները չի մեկնաբանի. «Ես կրկին կոռեկտության կոչ պիտի անեմ տարբեր գործիչների, որոնք 2 օր է՝ իրենց ողջ հանրօգուտ ժամանակը վատնում են սավառնելով տարբեր սոցիալական կայքերում, ու ոչ կոռեկտ գնահատականներ են տալիս: Մենք պահպանում ենք կոռեկտություն»:
Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե համագումարի ժամանակ հնչած քննադատական ելույթներով ԲՀԿ-ն ինքն իրեն է քննադատում, տիկին Զոհրաբյանը չհամաձայնեց. «Համագումարում հնչել են մտահոգություններ
Հայաստանում առկա բազմաթիվ մարտահրավերների վերաբերյալ: Խոսվել է խնդիրների մասին, որոնք օր առաջ հրատապ ու համակարգային լուծում են պահանջում: Կարող էինք չխոսել, օրինակ, արտագաղթի մասին. դրանից, վստահեցնում եմ ձեզ, արտագաղթի տեմպերը չէին նվազելու: Մեր կուսակցության նախագահը կարող էր չխոսել փոքր ու միջին ձեռներեցության վիճակի մասին. դրանից այդ խնդիրները չէին լուծվելու: Մտահոգությունները բարձրացվել են, ու մենք ասել ենք, որ տեսնում ենք այն ուղիները, որոնք կբերեն այդ խնդիրների լուծմանը»:
Տիկին Զոհրաբյանն ասաց, որ այս տարիների ընթացքում ԲՀԿ-ն իր հնարավորությունների սահմանում ինչ կարողացել է՝ արել է. «Ու ինչ կարողանալու է անել՝ շարունակելու է անել նաեւ առաջիկայում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ